Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 42


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 42-րդ՝ նոյեմբերի 7

Իրավիճակը ռազմաճակատում

  • Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են։ Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում։ 
  • Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ։ Մարտեր են ընթացել նաև Բերձորի և Մարտունու շրջաններում։ Ինչպես հետագայում նշում է Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 7-ին հայկական կողմը կորցրել էր վերահսկողությունը Շուշիի նկատմամբ, բայց, չնայած դրան, մարտերը շարունակվում էին։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է»։ 

ԱՐՑԱԽ

  • Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. Չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին: Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները և պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար:
    Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը:

ԻՐԱՆ

  • Ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցումն ապահովելու մեջ, իսկ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ կեղծ լուրեր տարածելու: Այս հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը, որտեղ պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։ «Չնայած հերքումներին՝ առկա են վստահելի հրապարակումներ, որոնք փաստում են ահաբեկիչների ներկայությունը։ Ահաբեկիչները չպետք է Իրանի սահմանների մոտ տեղակայվեն, եթե նրանք մոտենան Իրանի սահմաններին, ապա խիստ հակազդեցության կարժանան»,- ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։
  • Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ: «Մենք անհանգստանում ենք նաև ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, և դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք հավատացած ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
  • ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. « Խաղաղություն՝ Հայաստանին»:
  • Ամերիկացի հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Արցախի պատերազմի, SOAD-ի երկու նոր երգերի, ԼՂՀ ճանաչման և Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի մասին: «Արցախի ճանաչումը ժամանակի հարց է»,- հայտարարել է Թանկյանը:

ԻՍՊԱՆԻԱ

  • Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երեւան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաեւ տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը։

ԻՏԱԼԻԱ

  • Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

ՈՒԿՐԱԻՆԱ

  • «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները մոտ ժամանակներս կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ: Կոչ ենք անում բոլորին, հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին, հանդուրժողականություն և համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ»,- հայտարարել է  Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:

ՖՐԱՆՍԻԱ

  • Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից ժամանող ծայրահեղականների առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը:
    Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
  • Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայից  կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ և դեղորայք: «Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»,- գրել է Լաքոտը: