Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 10-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 10-րդ՝ հոկտեմբերի 6

Իրավիճակը ռազմաճակատում

  • Հոկտեմբերի 5-ի, լույս 6-ի գիշերը առաջնագծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։
  • Կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ՝ օգտագործելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի։ Ադրբեջանի կողմից նորից հրթիռակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց:
  • ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը. «Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին»:
  • Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և միջազգային հանրությանը կոչ արել կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի՝ Հայաստանի և Արցախի կողքին։ 
  • Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական և Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ և կոչ անելով ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին չլռել։

Արցախ

  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ մասնովորապես ասվել է, թե «Պատերազմի նպատակը Արցախի ժողովրդի ոչնչացումն է»։

Ռուսաստան - Իրան

  • ԻԻՀ և ՌԴ արտգործնախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աննախադեպ սրման կապակցությամբ և կոչ արել  հակամարտությունը լուծել բացառապես  քաղաքական ճանապարհով: Արտգործնախարարները մտահոգություն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Լիբիայի և Սիրիայի  թաքֆիրական ահաբեկիչների ներկայության կապակցությամբ։

Թուրքիա

  • Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը արձագանքում Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։ 

Իտալիա 

  • Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն աններելի է համարում Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»,- շեշտել է երաժիշտը:

Իրան

  • Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն վերստին հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ Իսլամական Հանրապետության կոչը: «Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ։ Հակամարտության կողմերը պետք է պահպանեն պատերազմի օրենքները և ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»,- Twitter-ում գրել է Ղաթիբզադեն։

Վրաստան

  • Ախալքալաքում հայերը բազմամարդ ակցիա անցկացրեցին՝ ի աջակցություն Արցախի։
  • Վրաստանի Աջարիայի շրջանի հայերն Արցախին օգնելու նպատակով կազմակերպած դրամահավաքին հավաքվել է արդեն 7,291 ԱՄՆ դոլար: 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիան և հայտնել, որ Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար ինքը և իր գործընկերները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ «Ադրբեջանի կողմից Արցախի հետ սահմանի երկայնքով իրականացվող ագրեսիայի լույսի ներքո մենք պետք է աջակցենք Հայաստանի ժողովրդին»,- գրել է Բրեդ Շերմանը՝ հավելելով, որ միացել է իր 46 կոնգրեսական գործընկերներին, որոնք Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են անում վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները լարվածության նվազեցման, Ադրբեջանի զսպման և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար:
  • «Մինչ միջազգային հանրությունը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հրադադարի կոչ անել, Թուրքիան գնալով մեկուսանում է միջազգային հանրությունից և ավելացնում իր դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում»,- գրում է ամերիկյան Washington Examiner թերթը։ Ըստ հոդվածագրի՝ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում, իսկ Թուրքիայի առաջնորդն իր ադրբեջանցի դաշնակիցներին դրդում է սրել Հայաստանի դեմ պատերազմը։ «Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայտարարությունները փաստում են, որ բացի Թուրքիայից և Ադրբեջանից ոչ ոք շահագրգռված չէ իրավիճակի սրման շարունակությամբ»։

Amnesty International 

  • Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ: Կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևի խոսքով՝ քանի որ մարտերը շարունակում են սրվել, քաղաքացիները պետք է պաշտպանության տակ գտնվեն, կանխամտածված թիրախավորման չենթարկվեն կամ անմտորեն վտանգի մեջ հայտնվեն:

Ավստրալիա

  • Կանբերրա քաղաքի հայերը բողոքի ցույց իրականացրեցին Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում էին դատապարտել Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

ԵԽԽՎ

  • ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները։ «Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությունում:

Իտալիա

  • Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի։ Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքն սկսեցին «Մեր Հայրենիք» օրհներգով ու Արցախ վանկարկելով։ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը։ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն են»,- վանկարկում էին ակցիայի մասնակիցները։

Կոլումբիա

  • Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Կոլումբիայի հայկական համայնքին, Արցախին և Հայաստանին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ իրենց պայքարում։ Նրանք միջազգային հանրությանը կորչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային իրավունքները։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ կառավարությանը դեէսկալացնել իրավիճակը և ապահովել, որպեսզի ոչ մի արտաքին խաղացող, ինչպիսին Թուրքիան է, չմասնակցի հակամարտությանը։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությւոնների համար»,- նշված է հայտաարարության մեջ։

Մեծ Բրիտանիա

  • Օքսֆորդում տեղի են ունեցել ցույցեր Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։

ՄԻԵԴ

  • ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։

Սիրիա

  • Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողն է. «Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»: