Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 11-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ

օր 11-րդ՝ հոկտեմբերի 7

Իրավիճակը ռազմաճակատում

  • Ամբողջ գիշեր հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Երեկոյան հրթիռակոծվեցին Շուշին և այլ քաղաքներ։ Վնասվել է նաև Շուշիի մշակույթի տունը։
  • Օրվա ընթացքում շարունակվել են մարտերը Ղարաբաղի հարավ-արևելքում (Ջեբրաիլի շրջանում)։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին։ «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»,- ասել է Փաշինյանը:
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց տվեց ամերիկյան CNN հեռուստաընկերությանը։ «Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով և ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձևացնելով, թե իբր ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ»- ասել է Արմեն Սարգսյանը։
  • ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ շեշտվու էր, որ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Դրանք Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախի Հանրապետությունում ադրբեջանական ագրեսիայի հետ կապված։ Մխիթարյանը նշել է, որ այս օրերին Ադրբեջանը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: Նա ընսգծել է, որ Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում։

Արցախ

  • ԼՂՀ Մարդու իրավունքների հանձնակատար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ մարտական գործողությունների կապակցությամբ շուրջ 70 հազար մարդ, այսինքն՝ Ղարաբաղի բնակչության կեսը, ստիպված են եղել տեղափոխվել ԼՂՀ այլ շրջաններ կամ Հայաստան:

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական բանակի հաջող առաջխաղացման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը հայտարարել է ադրբեջանական զորքերին հասցված «ջախջախիչ հարվածի» մասին:

Թուրքիա

  • Քրդական ծագումով  թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է (Մի ցեղապետի ենթարկվող քրդական ցեղ - խմբ․)։

Իրան

  • Իրանի կառավարության նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ ավարտը, ընդգծել է. «Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»: Իրանի նախագահը հավելել է. «Մենք տարիներ շարունակ կռվել ենք ահաբեկիչների դեմ  և թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն Իրանի սահմանների մոտ»:
  • Ռոհանին  հավելել է. «Եթե որևէ ուժ, ցանկացած պատրվակով փորձի ահաբեկիչներին Սիրիայից կամ այլ կետերից  տեղափոխել Իրանի սահմանների մոտ, ապա դա Թեհրանի  համար անկասկած անընդունելի կլինի, քանի որ մենք երկար տարիներ Իրաքում, Սիրիայում  և Լիբանանում պայքարել են ահաբեկչության դեմ»: 
  • ԻԻՀ նախագահն  հավելել է. «Անձամբ այս մասին հստակ խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևան երկրների ղեկավարների հետ»:

Ռուսաստան

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ տեսաուղերձով, որում անդրադարձավ նաև Արցախյան հակամարտությանը։ Նա կողմերին կոչ արեց հնարավորինս շուտ դադարեցնել կրակը: «Սա ողբերգություն է, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզ ոչ օտար մարդիկ»,- ասել է նա: Պուտինը նաև հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն ադրբեջանցի ու ավելի քան 2 միլիոն հայ:
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, եթե նա ենթարկվի ագրեսիայի, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը հարցեր չունի Ռուսաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ: Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն պարտավորություններ է կրում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ և արձանագրել, որ մարտական գործողություններ չեն իրականացվում Հայաստանի տարածքում:
  • «Կասկած չկա, որ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է,- հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք իհարկե ֆորմալ պարտավորություններ չունենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց քաղաքական, ռազմական և բարոյական պարտավորություններ ունենք հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ հայերն ապրում են ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, ժողովրդի կոտորած չպետք է թույլ տանք, ինչը ցուցադրաբար անում է հարձակվող կողմը»,- շեշտել է Զատուլինը։
  • «Իզվեստիա»-ի նկարահանող խումբը՝ թղթակից Դենիս Կուլագան և օպերատոր Ալեքսանդր Մալիշևը Ստեփանակերտում հայտնվեին կրակի տակ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԼՂ-ի դեմ զինյալների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին։ Նա պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ խոսել է այն մասին, որ Թուրքիան հավաքագրում և Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղակայում է ջիհադիստական խմբերի ահաբեկիչների Սիրիայից: «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»,- ասել է նա:
  • Բողոքի ցույց է տեղի ունեցել Յուտայում` Յուտայի համալսարանի մոտ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը։
  • Աշխաարհահռչակ ռեփեր The Game-ն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցեղ իրադարձությունների հետ կապված: «Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Անհեթեթություն է, թե ինչպես են մարդիկ սպանում մարդկանց: Ես կանգնած եմ հայ համայնքի և բոլոր հայերի կողքին: Բարձրացրեք ձեր ձայնը և եկեք միասին աշխատենք, որպեսզի միասին վերջ դնենք գլոբալ ահաբեկչությանը»,- ասել է ռեփերը:

Բելգիա

  • Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում քննարկում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը. օրակարգում ռազմական բախումների վերսկսումը էր Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
  • Հազարավոր հայեր և տարբեր ազգությունների մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ` Եվրախորհրդարանի մոտ, պահանջելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
  • Մասնակիցները վանկարկում էին «Էրդողանը ահաբեկիչ է», «Ադրբեջանը ագրեսոր է», «Դադարեցրեք բռնությունը»:  Ակցիայի մասնակիցները ունեն պաստառներ ՝ «Ղարաբաղի ճանաչումը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Արցախը Հայաստան է», «Կանգնեցրեք Ալիևին և նրա ագրեսիան» գրություններով: Ոստիկանությունը ջրցան մեքենայով փորձում էր ցրել ցույցը։ 

Դանիա

  • Կոպենհագենում տեղի է ունեցել ցույց՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։

Լատվիա

  • Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշը աջակցություն է հայտնել Արցախին։ Նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: 

Հունաստան

  • Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: 

Ճապոնիա

  • Ճապոնացի նկարիչ Դաուսուկե Օկամոտոն հայոց եռագույնն է նկարել՝ այսկերպ իր զորակցությունը հայտնելով Հայաստանին ու Արցախին: «Աղոթում եմ ձեզ համար»,-Օկամոտոն այսպես է վերնագրել նկարը:

Մեծ Բրիտանիա

  • Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատում քննարկվում էր Արցախի հարցը։

Նորվեգիա

  • Նորվեգիայում տեղի հայ համայնքների ներկայացուցիչները անցկացնում են բողոքի ակցիա՝ «Solitaritet med Armenia og Artsakh»-« Համերաշխություն Հայաստանի և Արցախի հետ» խորագրով:

Ուրուգվայ

  • Ուրուգվայի կառավարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, որում դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի նկատմամբ։ 

Ֆրանսիա

  • «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
    «Հարգելի՛ պարոն նախագահ, Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մ աջակից, Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության - ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով»: