Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 12-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 12-րդ՝ հոկտեմբերի 8

Իրավիճակը ռազմաճակատում

  • Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է հրթիռակոծության տակ։ Մարտերը վերսկսվել են և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններում։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին։

«Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։

  • Փաշինյանը հարցազրույց տվեց ռուսական РБК հեռուստաալիքին։
  • «Արմավիր» ՔՀԿ-ի դատապարտյալները պահանջում են իրենց առաջնագիծ ուղարկել։
  • Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։

Արցախ

  • Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Երկրորդ հարվածի ժամանակ տեղում լրագրողներ են եղել, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։ 
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»։

Ադրբեջան

  • Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ հայկական կողմից «Գրադ» և «Սմերչ» է կիրառվում։ 
  • Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե հայկական ուժերը Ադրբեջանին հարվածում են բալիստիկ հրթիռներով, ինչի համար «պետք է պատասխանատվություն կրեն»։ 

Ռուսաստան

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում։ «Ղարաբաղում կրակը պետք է դադարեցվի գերիների և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով»,- ասել է Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ բանակցություններից հետո։
  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցության։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է:
  • Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում վերջ դնել բռնությանը և զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն։

Լատվիա

  • «Латвийские вести» շաբաթաթերթում հրապարակվել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսի նամակը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայի վերաբերյալ: Ուղերձը վերանգրված է՝ «Գլխավորը արյունահեղությունը դադարեցնելն է»:

Շվեյցարիա

  • Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: