Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 13-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 13-րդ՝ հոկտեմբերի 9

Իրավիճակը ռազմաճակատում

  • Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ:
  • Օրվա ընթացքում շարունակում էին մարտական գործողությունները, որոնք հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Փաշինյանը և Միշուստինն անդրադարձան հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց իտալական La Republica թերթին։ «Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է».- ասել էր Փաշինյանը։
  • Ամերիկյան Fox News Channal հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցին, որում նախագահ ասել էր. «Հարյուր տարվա ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ Թուրքիան ներգրավվում է Լեռնային Ղարաբաղում»:
  • Եվրոպական Եկեղեցիների Համագումարի Գլխավոր քարտուղար Յորգեն Սկով Սորենսենն ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում վստահեցնում է, որ դիվանագիտական ջանքեր կգործադրվեն միջազգային կազմակերպությունների ուղղությամբ՝ համոզվելու, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ մղում է դեպի ներկա հակամարտության բարենպաստ հանգուցալուծում: Համագումարը կոչ է արել «կրոնական առաջնորդներին մասնակցել այս հարցի կարգավորմանը և բարեխղճորեն նպաստել երկու ժողովուրդների հաշտեցմանը»:
  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  դիմեց համաշխարհային հանրությանը. «Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները»:
  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն իր աջակցությունը հայտնեց սահմանապահ զինվորներին. «Մեր ոգին մարտական է, մեր միտքը հաղթական է, մեր ուժը Հայկյան է, մենք արդար ենք և հաղթելու ենք: Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ»։

Արցախ

  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցինիզմի բարձրագույն դրսևորում է համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները:

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հադրութ բնակավայրեր Քըշլաք, Քարաջալլի, Էֆենդիլյար, Ջեբրաիլի շրջանի Սուլեյմանլի, Խոջավենդի շրջանի Ծուր, Ֆիզուլիի շրջանի Յուխարի Գյուզլյակ և Գերազիլլի գյուղերի և Տերտերի շրջանի Թեյլի գյուղի «օկուպացիայից» ազատվելու մասին։ Հադրութի համար մարտերը փաստացի ավարտվել են միայն մեկ շաբաթ անց։
  • Հադրութի անկումից հետո ադրբեջանական զորքերն սկսեցին ավելի ինտենսիվ շարժվել առաջ, իսկ հայերը՝ նահանջել։

Թուրքիա

  • Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենտոպը հայտարարեց, որ  կարող է դիտարկվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու տարբերակ, սակայն այժմ դրա անհրաժեշտությունը չկա: «Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերին ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարող են ինքնուրույն հասնել հաղթանակի՝ վճռականություն ցույց տալով տարածքները հետ վերադարձնելու համար: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ այդպիսի բան անհրաժեշտ կլինի»,- ասել է նա:
  • Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման առաջարկին ի պատասխան, Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարը կրկնեց Անկարայի դիրքորոշումը՝ պնդելով հայկական զորքերի տարածաշրջանից դուրս գալու անհրաժեշտությունը: Աքարն ասել է, թե իրենք չեն կարող սպասել ևս 30 տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ավելացնելով, որ հրադադարի փոխարեն իրենք պետք է պահանջեն Հայաստանի դուրսբերումը տարածքներից. «Այժմ հակամարտությունը լուծելու և միջազգային աջակցություն ստանալու մեխանիզմների համար լավ հնարավորություն կա»։

Ռուսաստան

  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:
  • Ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցութունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։
    Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնեցին 72 ժամ հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից մարդասիրական նկատառումներով՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր խաչի միջնորդությամբ և վերջինիս չափանիշներով։ 
  • «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի մինչև ուշ գիշեր աշխատել է Բաքվի ու Երևանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ և դրա արդյունքն էլ եղել է կրակի դադարեցման մասին հայտարարությունը», նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ գիշեր Պուտինն իրականացրել է լարված աշխատանք Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ»,- նշել է նա:
  • Ռուսաստանցի թենիսիտուհի, Ռուսաստանի հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը տեղադրեց Հայաստանի դրոշն ու մակագրեց՝ «Խնդրում եմ, կանգնեցրեք պատերազմը»:

Վրաստան

  • Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ արեց չքաղաքականացնել վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցի վերաբերյալ սկսված հետաքննությունը. «Այս հարցը Վրաստանի ներքին գործն է և չի վնասի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը»:
  • Վրաստանի ՄԻՊ-ը երկրի էթնիկ խմբերին համագործակցության կոչ արեց։
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացրեցին, որ ջավախահայությունն ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել մոտ 270 հազար դոլար։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • Հազարավոր ամերիկահայեր Սպիտակ Տան դիմաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում էին դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվող օգնությունը:

Ֆրանսիա

  • Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկեց Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
  • Մարսելի քաղաքապետարանի շենքին, ի նշան սատարման, տեղադրվեց Արցախի եռագույնը։