Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 20-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 20-րդ՝ հոկտեմբերի 16

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է, թե որոնք են Թուրքիայի իրական ակնկալիքները Արցախի դեմ սկսված պատերազմից։ «Եթե Թուրքիան դուրս բերվի, պատերազմը մեկ–երկու օրում կդադարի»,- ասել է նախագահը։
  • «Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի ջանքերին»,- շվեցարական RTS հեռուստաալիքի տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության վերականգնման գործում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։ 
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն դառնալու միտումը սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար»։
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ: 
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
  • ՀՀ ՊՆ կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈւ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:

Արցախ

  • Արայիկ Հարությունյանը Արցախ ժամանած ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովի հետ քննարկել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ճակատի հարավային հատվածում գտնվող ևս երեք գյուղերի գրավման մասին, որոնք գտնվում են Հադրութ բնակավայրից հյուսիս-արևելք ՝ Հոջավենդի շրջանի Խիրմանջիգ, Աղբուլակ և Աղուլլու բնակավայրերից մեկում։ Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որը նկարահանվել է Հադրութի կենտրոնում։ 
  • «Հայաստանի տարածքում մենք ռազմական նպատակներ և ծրագրեր չունենք: Մենք մտադիր չենք ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք»,- ասել է Ալիևը:

Իրան

  • Անդրադառնալով  ԼՂ հակամարտության տարածքում  ընթացող  ռազմական բախումների  հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ  ուժերը  պատասխան քայլի չեն դիմել:

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է անվտանգության խորհրդի  անդամներին և քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 
  • Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը մեկնեց Արցախ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպելուց զատ Պետդումայի պատգամավորը եղավ նաև Շուշիում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • Հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, լուսավորել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը՝ որպես համերաշխություն ու սատարում ամերիկահայ համայնքին:

Բելգիա

  • Եվրոպայում բնակվող հայերն այսօր Stop Genacide պահանջով փակել էին Ֆրանսիա–Բելգիա միջպետական ավտոճանապարհը։ Շուրջ մեկ ժամ տևած ակցիան ամբողջովին կաթվածահար է արել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը` երկու ուղղություններով։ Հայերն իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհի կենտրոնում և Արցախի անկախության ճանաչումը պահանջող պաստառնելով ու Հայաստանի և Արցախի դրոշներով դուրս եկել ավտոմեքենաներից։
    Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին Stop Genocide (Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը), Artsakh is Armenia (Արցախը Հայաստան է), Erdoghan terrorist (Էրդողանն ահաբեկիչ է): Նրանք նաև պաստառների վրա լուսանկարներով ներկայացրել էին Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական բանակի իրականացրած բարբարոսություններն ու դրանց հետևանքները։

Իտալիա

  • Հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը և հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։
  • Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին, որը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին և իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: «Շնորհակալություն սենատոր Սալվինիին ՝ արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի համար ձեր ձայնը բարձրացնելու համար»,- գրել է Մխիթարյանը:

Հունաստան

  • Մեկնարկեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան:

Մեծ Բրիտանիա

  • «Միացյալ Թագավորությունը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը»,- ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյը: Նա չափազանց կարևոր է համարել, որ հակամարտության կողմերն անհապաղ դադարեցնեն բռնությունը, կատարեն հոկտեմբերի 10-ի համաձայնությունը և վերադառնան առարկայական բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Մյուրեյը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում նրանց միջնորդական դերակատարության հարցում: