Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 16-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 16-րդ՝ հոկտեմբերի 12

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։ Որոշակի ակտիվություններ են նկատվել հյուսիսային, հյուսիս արևելյան և հարավային ուղղություններով։ Առավոտյան ադրբեջանական զինուժը սկսել է հրետակոծել հարավային շփման գծի ուղղությամբ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Վարչապետ -  Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցավ հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ։
    Հանդիպմանը մասնակցեցին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
    Հարցին, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից, Փաշինյանն ասել է՝ «5 պլյուս 2» տարբերակը։ Պատերազմից շուրջ մեկ տարի անց Փաշինյանն  ասել է, թե Շուշին ևս բանակցության թեմա եղել, որին քաղաքական ուժերը չեն հավատում։
  • ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրույցի ընթացքում ԱԺ նախագահը տիկին Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։ 
  • ՀՀ ԱԳ - Մեկնարկեց նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: «Բանակցային քաղաքական գործընթացի երկարաձգումը ճիշտ չենք համարում»,- հանդիպումից հետո ասել է ՌԴ նախարար Լավրովը։
  • Արսեն Թորոսյանը բաց նամակ հղեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին. «Հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար»:
  • «100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմն արդեն հաղթահարված է»,- հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Արցախ

  • Իսպանահայ գործարար Արմեն Կնյազյանը պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Ադրբեջան

  • Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցե» WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ, ով մեղադրվում է սահմանի անօրինական հատման, հակապետական ​​կոչերի և ահաբեկչության կոչերի համար:

Իրան

  • Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ցավ հայտնեց Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հրադադարի պայմանավորվածության խախտման կապակցությամբ:

Ռուսաստան

  • ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Աքարը հայտարարել է, որ «Ադրբեջանը չի կարող ևս 30 տարի սպասել Լեռնային Ղարաբաղի իրադրության լուծման համար, և որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի կողմից սկսված իր տարածքի վերադարձման օպերացիային»:
  • «Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն կատարվում»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ:
  • «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և չպետք է ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • «Արցախը Հայաստան է» կարգախոսով Հաղթանակի բազմահազարանոց երթ տեղի ունեցավ Լոս Անջելեսում։
  • Կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է Լոս Անջելեսում անցկացված ակցիային։ «Այսօր պատիվ ունեցա կանգնել ու իմ զորակցությունը հայտնել Լոս Անջելեսում հազարավորներին, ովքեր հավաքվել էին դատապարտելու  ադրբեջանական և թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շերմանը։
  • Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝  աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայն խոսել  ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:

Բելգիա

  • Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագեց Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Ես եկել եմ այստեղ՝ ասելու՝ չի կարելի հրետակոծել եկեղեցիները, դա ուղղակի աննորմալ է։ Ես կատարեցի այստեղ մեր մեծ երգահան Կոմիտասի երաժշտությունը, որը մազապուրծ լինելով Ցեղասպանությունից, ստիպված եղավ հեռանալ հայրենիքից»,- ասել է նա։

Եվրոպա

  • «Եվրոպական միությունը հորդորում է խիստ հավատարիմ մնալ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ»,- ասված է Արտաքին գործողության եվրոպական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ:
  • «Եվրոպական Միությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»,-  հայտարարեց Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան։
  • Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվեց Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ:

Լյուքսեմբուրգ

  • «Լեռնային Ղարաբաղի հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է»,- Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։ «Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի հնչեցրել և, իմ համոզմամբ, նման մոտեցումը լիովին սխալ է։ Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը»,- նշել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։

Մեծ Բրիտանիա

  • Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության վտանգի մասին: