Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 17-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 17-րդ՝ հոկտեմբերի 13

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում ռմբակոծվել են Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքները։ Առավոտյան լայնամաշտաբ հարձակում է սկսվել հարավային, հյուսիսային, հյուսիս-արևեկյան և արևելյան ուղղությամբ։
  • Մարտերի ընթացքում զոհվում է գնդապետ Վահագն Ասատրյանը. 2 օր անց վարչապես Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահին միջնորդություն է ներկայացնում նրան հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Նիկոլ Փաշինյանի Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է. «Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը»։
  • Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Արցախ

  • Արցախի ԱԺ-ն ընդունեց աշխարհազորի վերաբերյալ օրինագիծը։
  • Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:

Իրան

  • Օրվա ընթացքում Իրանի տարածքում՝ Արդաբիլի մարզում անօդաչու թռչող սարք է ընկել, որը վնասել է ցանքատարածությունները։ Ըստ տարածված տեսանյութի` սարքը իսրայելական արտադրության էր։
  • Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ Բահման Սադեղինին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի հետ։ Անդրադարձ է կատարվել հակամարտությունում երրորդ կողմի` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

Ռուսաստանի Դաշնություն

  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում համաձայնեցված հայտարարությանը՝ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերալ։ 
  • ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը: Դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը:
  • ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մտահոգություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին Ղարաբաղում գրոհայինների տեղակայման կապակցությամբ:
  • ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը:
  • ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովը տեսակետ հնչեցրեց, ըստ որի «Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից»։
  • Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որպեսզի հակամարտությունը չվերածվի միջկրոնական առճակատման։

Վրաստան

  • Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՀԿ

  • ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Զորքերի մոբիլիզացիան, բնակչության տեղաբաշխումը մեծացնում են վիրուսի տարածման հավանականությունը: Մարտական գործողությունները խախտել են առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգը, և երկու կողմերում էլ վիրուսի տարածման աճ է նկատվում»:

ԱՄՆ

  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։ 
  • ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը դիմել է իր երկրի իշխանություններին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ընդդեմ Արցախի շարունակվող հարձակումների համար։

ԵԱՀԿ

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը։

Էստոնիա

  • Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Կարմիր խաչ

  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է. «ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»:

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցում հայտարարել է. «Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած հարձակում այն տարածքների վրա, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ և ցավում է մարդկային կորուստների համար»: