Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 18-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 18-րդ՝ հոկտեմբերի 14

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
  • 03։23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդային հարվածներով ոչնչացրել է Հայաստանի տարածքում գտնվող որոշ բալիստիկ հրթիռներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի տարածքում թիրախավորվել է տեխնիկա։ 
  • Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով Ադրբեջանը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ուղերձի ժամանակ ասել է. «Մեզ համար անընդունելի է «տարածքներ խաղաղության դիմաց» ձևակերպումը»։
  • ԱԳՆ. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»:

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում է անհապաղ խզել դիվանագիտական կապերը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի նախագահն կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է ադրբեջանական և հայաստանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքի հակամարտության ավարտից հետո:
  • Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման շուրջ խոսակցություններին և նշել, որ դա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:
  • Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Վերահաստատվել է հոկտեմբերի 10-ի մոսկովյան եռակողմ համաձայնությունն անշեղորեն իրագործելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չլինելը. դա հիմք կստեղծի ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:

Թուրքիա

  • Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ վարել՝ Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ: «Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողմում է, իսկ մենք՝ Թուրքիան, աջակցում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք և քննարկենք այդ հարցը։ Մինսկի խումբը ավելի քան 30 տարվա ընթացքում չկարողացավ լուծել այդ հարցը, նոր մեխանիզմ գտնելու ժամանակն է»,- հավելել է նա։
  • Թուրքիայի տարածքում արգելափակվել է ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը, մասնավորապես ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքէջերը: Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:
  • Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշել է, որ տարիներով շարունակվող պատերազմը համաձայնագրով չհանգուցալուծվելու պատճառը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի հետևանքով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ։ Նրա կարծիքով՝ այդ երկրները սատարում են ոչ թե խաղաղությանը, այլև փակուղուն։ Պոլսահայ գործիչը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմի շուրջ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, հայտնել է․ «Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան»։ 

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղի մարտերում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցության մասին: Երկու նախագահները հանդես են եկել Ղարաբաղի հարցով քաղաքական բանակցությունների ակտիվացման կոչով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորումը պետք է զուգահեռ լինի գործող համաձայնագրերի իրագործմանը։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին: Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է: Սա Ղարաբաղի 5 շրջանների տարածքների փուլային ազատումն է՝ միևնույն ժամանակ պահպանելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները»:
  • ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում, որ Ղարաբաղում ռուս դիտորդներն իրավիճակը հսկեն։ «Կարծում եմ, որ ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ պետք է լինեն Ղարաբաղում»,- ասաց Լավրովը։
  • ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Մեր զինվորական գերատեսչությունները ստուգում են Հայաստանի տարածքում կառույցների վնասների մասին տեղեկատվությունը, նրանք մշտական շփման մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ»։
  • ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: 
  • ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է հակամարտության միջազգայնացումը: «Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը և շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- եզրափակել է Մատվիենկոն:
  • ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ասել է. «Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան կարող է սրել իրավիճակը։ Այս ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձևաչափով Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի դիրքը կրկնօրինակելը»:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասինխ նշել է. «Հրադադարի մասին համաձայնագրի առաջին տաբերակը, որը պատրաստել է հենց ինքը, ստորագրված է եղել Բաքվի և Ստեփանակերտի միջև: Հետագայում այդ համաձայնագրին միացել էր նաև Հայաստանը: Պետք է նախկինի պես հենվել այն համաձայնագրի վրա, որը ստորագրված էր եղել Հեյդար Ալիևի հետ: Վերջինս ոչ մեկ անգամ է ինձ հենց Բաքվում ասել և խնդրել, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Նախկին նախարար Մամեդովը ստորագրեց, և քչերը գիտեն, որ այն ժամանակվա համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջև: Միայն հետո Հայաստանը միացավ այդ համաձայնագրին, իսկ սկզբում Ադրբեջանը ստիպված եղավ այն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ»:
    Կազիմիրովը, որպես ապացույց, առաջարկեց նայել 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ կարելի է հստակ տեսնել՝ ձախ կողմում եղել է Ադրբեջանի ստորագրությունը, իսկ աջ կողմում՝ Լեռնային Ղարաբաղի, և միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվեց Հայաստանի ստորագրությունը»: Խոսքը 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի մասին է, որից հետո՝ հուլիսի 27-ին, ստորագրվեց հրադադարի հաստատման ևս մեկ եռակողմ համաձայնագիր, այս անգամ արդեն՝ նաև ԵԱՀԽ միջնորդությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը նաև նկատում է, որ 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻԵԴ

  • ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցը:
  • ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռի վերանայումը Մեծ Պալատի կողմից: Այսպիսով, 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

ՅՈՒՆԵՍԿՕ

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն «կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները»:

ՈւԵՖԱ 

  • ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: «Անկեղծ ասած, մենք մանրամասների չենք տիրապետում, քանի որ չենք համարվում քաղաքական կազմակերպություն, սակայն ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով»:

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեո. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիան իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին։ Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին»:
  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և մի շարք հարցերի թվում քննարկել նաև ղարաբաղյան հակամարտությունը։
  • Ջո Բայդենը Թրամփի վարչակազմից պահանջել է դադարել «փաղաքշել Անկարային». «Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:
  • The Wall Street Journal թերթը պնդում է, որ Սիրիայից Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Տեղեկությունը հաստատել են թերթի Սիրիայում գտնվող երկու աղբյուրներ, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ:
  • Միչիգանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև: Բանաձևի հեղինակը Միչիգանի օրենսդիր մարմնի անդամ Մարի Մանուգյանն է:
  • Ամերիկացի սուպերմոդել, հեռուստաաստղ Քենդալ Ջեններն Instagram-ի իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ Նա վերահրապարակել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ Քիմը կոչ է անում նվիրաբերություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մեծ Բրիտանիա

  • The Guardian պարբերականն ընդգծել է, որ պատերազմի սկզբից ի վեր տեղահանվել է շուրջ 70 000 արցախցի, քանի որ «ադրբեջանական հրթռներն ու անօդաչու սարքերը, թերևս, ավելի հաճախ խոցում են քաղաքացիական բնակավայրերը, քան ռազմական օբյեկտները»։ 
  • Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ աջակցում է Հայաստանին ու հայերին: «Ես կցանկանայի աջակցությունս հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, ովքեր աննկարագրելի ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, ովքեր սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում»։

Սաուդյան Արաբիա

  • Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:

Ուկրաինա

  • Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան կընդլայնեն ռազմական համագործակցությունը 21 ոլորտում: Նախարարների կաբինետի արտահերթ նիստում ընդունվել է ակտ, որով Ուկրաինան կկարողանա նոր ռազմական համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հայտարարել է. «Այսօր ես որպես առաջին ստորագրող կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»։
  • Հազարավոր ցուցարարներ, Ֆրանսիայի CCAF-ի ներկայացուցիչներ, պատգամավորներ  հավաք էին կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կոչ էին անում Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ պաշտպանելու հայերին։