Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 19-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 19-րդ՝ հոկտեմբերի 15

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
  • Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն»։
  • Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություններ է ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին: 
  • Կառավարությունն սկսեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Կոնվենցիան արգելում է վարձկանների հավաքագրումը, վերապատրաստումը, օգտագործումը և ֆինանսավորումը: Դրան միացել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձվեն։
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները:
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Դեսպանին ներկայացվեց Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան։ Փոխվարչապետն անդրադարձավ արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։
  • Դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար օդային տարածք տրամադրելուց Թուրքիայի հրաժարվելու առիթով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմեց «EUROCONTROL» աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը։

Արցախ

  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  հայտարարություն տարածեց. «...այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»:
  • Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նոր որոշմամբ Արցախի տարածքից  ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակն ազատագրել է Հադրութի շրջանի Էդիշա, Չիրակուզ, Դուդուկչի և Էդիլի գյուղերը, Ջեբրաիլի շրջանի Դոշուլու գյուղը և Ֆիզուլիի շրջանի Արիշ գյուղը:
  • Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունների համաձայն Ադրբեջանի ամենահեղինակավոր զինվորական ղեկավարներից մեկը` գեներալ մայոր, կորպուսի հրամանատար Հիքմետ Հասանովը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից:

Թուրքիա

  • Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար։ 
  • Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանել են որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը։ 

Իրան

  • Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասելով, որ Թեհրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի դադարեցմանն հավելել է. «Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, որ երկրի կողմից էլ որ կազմակերպված լինի դա, սպառնալիք է ուղղված մեր երկրի անվտանգության դեմ»:

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ  «Ակտիվ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման շուրջ»: Զասը հայտնել է նաև, որ կոնֆլիկտի սրացումից հետո հայկական կողմից որևէ պաշտոնական դիմում չի եղել:

Ռուսատանի Դաշնություն

  • Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 
  • Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Գլխավոր հարցն այստեղ է. պատրաստ են արդյոք հակամարտող կողմերը, իսկ ավելի կոնկրետ Հայաստանն ու Ադրբեջանը դրան: Ցանկացած խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության պարագայում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
  • Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և ընդգծել զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ (Միջպետական ավիացիոն կոմիտե)

  • Միջպետական ավիացիոն կոմիտեն կոչ է անում անհապաղ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ տարածաշրջանի օդային տարածքում թռիչքներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար: 
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերը և կանխել հակամարտության գոտում հակաօդային պաշտպանության միջոցների կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ հրթիռներով և կրակի այլ միջոցներով քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում` օդակայաններին հարվածներ հասցնելու վտանգը:

ՅՈՒՆԻՍԵՖ

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ 

ԱՄՆ

  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:
  • ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի վարչակարգերին՝ Արցախի բնակչության հանդեպ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ 
  • ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Twitter-ում գրել է. «Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում և Պետդեպարտամենտը պետք է համարժեք արձագանքի նրանց գործողություններին»: 
  • ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկեց Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձևի օգտին։
  • «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի անդամները հանդես եկան նոր նախաձեռնությամբ, որի եկամուտները կուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սերժ Թանկյանը խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը կմասնակցեն «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) գրությամբ շապիկների ստորագրմանը։ «Ես ևս նախապես ստորագրել եմ մի քանի շապիկ։ Ամբողջ եկամուտը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Թանկյանը։
  • Ամերիկյանհայ աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝  Լոս Անջելեսում Արցախի ճանաչման և ադրբեջանական ու թուրքական ագրեսիայի դատապարտման համար բողոքի ակցիա իրականացնող հազարավոր հայերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելով, այնուհետև «Գինի լից» երգի ներքո տեսանյութ տեղադրել:

Ավստրիա

  • Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Բելգիա

  • Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, որում շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ: Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:

Էստոնիա

  • Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար, որը կառավարությունն ընդունել է:

Իսպանիա 

  • Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն տարածեցին՝ Միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով:

Չինաստան

  • ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի և ցուցաբերելու լիակատար նվիրվածություն և հուսալիություն: 

Սաուդյան Արաբիա

  • Արաբական  ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել այդ գույքերը:
  • Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը կոչ արեց բոյկոտել «ամեն թուրքականը». «Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ։ Ես ասացի դա պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում, աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի: