Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 21-րդ


Օր 21-րդ՝ հոկտեմբերի 17

Իրավիճակը ռազմաճակատում

  • Թե՛ հարավային, թե՛ հյուսիսային հատվածներում ընթացել են մարտեր, որոնք ավելի թեժ և ինտենսիվ էին, քան նախորդ երկու օրերին։
  • Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:
  • Նախօրեին սահմանում վիրավորված ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը մահացավ: Նախօրեին զոհվել էր նրա որդին:
  • Սերժ Սարգսյանը նամակով  դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին, որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի, և խնդրել հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: 

Արցախ

  • Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։
  • Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին՝ Արցախի հայ բնակչությանն օժանդակելու համար։ 

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազգին ուղղված տեսաուղերձով հայտարարեց, որ ադրբեջանական բանակն ազատագրել է Ֆիզուլի քաղաքը, ինչպես նաև Կոչահմեդլի, Չիման, Ջուվարլի, Պիրահմեդլի, Մուսաբեյլի, Իշիգլի և Ֆիզուլիի շրջանի Պապելի գյուղերը։

Թուրքիա

  • Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան գրառմամբ կոչ է արել  ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ. «Մենք պետք է ավելին անենք պատերազմը դադարեցնելու համար»։

Իրան

  • Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է. «Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը»: Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։ «Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ»,- նշել է դիվանագետը:

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:
  • ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը ժամանեց Արցախ, եղավ Ստեփանակերտում և Շուշի քաղաքներում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ

  • ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարցման` որոշեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել երկուշաբթի, ժամը 15.00-ին։

ՅՈՒՆԻՍԵՖ

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են ուղղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարին՝ կոչ անելով գործել՝ քայլեր ձեռնարկել հիմա։

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը՝ Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»:
  • «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ «Այս դեպքում, երբ Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է»- ասել է Գ. Իսրայելյանը։

Իսպանիա 

  • Հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։

Մեծ Բրիտանիա

  • Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական զինադադարի մասին պայմանավորվածությունները: «Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդությունից հետո: Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
  • Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։
    Ալֆորվիլից հետո Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է, որ ճանաչում է Արցախի անկախությունը։