Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 22-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 22-րդ՝ հոկտեմբերի 18

Իրավիճակը ռազմաճակատում

  • Ժամը 07:20-ին թշնամին խախտում է մարդասիրական զինադադարը հրետանային ակտիվ կրակով, որից հետո հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկում հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)։ Երկուստեք ունենում են զոհեր և վիրավորներ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և վերջինիս տարածքային նկրտումներն իրենց մեջ չեն պարունակում միջազգային իրավունքի տարրեր։ Ցեղասպանությունը կանխելու համար պետք է ճանաչել Արցախը»։
  • Հայաստանը դատապարտել է Եվրամիության  Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։
  • ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Ադրբեջանին խաղաղության պարտադրելու և կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու համար։
  • Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները։
  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցությունների հայտարարությանը:
    «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:

Արցախ

  • Արցախի ԱԳՆ-ն դատապարտեց Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի կոպտագույն խախտումը։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր էջում հայտարարեց Խուդաֆերինի վրա ադրբեջանական դրոշը բարձրացնելու մասին:
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրվեց Ֆիզուլի քաղաքի տեսանկարահանումը և տեղի վարչակազմի շենքի մոտ Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողությունը:

Իրան

  • Առավոտյան 3: 30-ին, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, չեղարկվեց Իրանի զենքի էմբարգոն: Այսպիսով,  վերացվում են Իրանի համար սահմանված  զենքի արտահանման և ներմուծման, ինչպես նաև և  23 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցմները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարմիր խաչ

  • Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու   համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է  պաշտոնական Բաքվի կողմից։

ՄԱԿ

  • Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները:

ԵՄ

  • Եվրախորհրդարանի պատգամավոր Էմմանուել Ֆրագկոսն Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ։ 

Իսպանիա 

  • Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել` Թուրքիայի և Ադրբեջանի դատապարտման և Արցախի ճանաչման կոչով:

Իտալիա

  • Պադերնո Դունյանոյի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 

Ֆրանսիա

  • Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները վանկարկում էին «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում: