Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 23-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 23-րդ՝ հոկտեմբերի 19

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
  • Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառել է. «Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում»։
  • Տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ հանդիպեց Արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպումից հետո մասնակիցները չցանկացան հարցերի պատասխանել: 
  • Նորվեգիայում Altibox Norway Chess մրցաշարին մասնակցած և երրորդ տեղը գրաված հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան և կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար։ «Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք ձգտում ենք պաշտպանել մեզ և խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը»։ 

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Սոլթանլըի, Ամիրվարլի, Մաշանլի, Հասանլի, Ալիքեյխալի, Կումլաք, Հաջիլի, Հեգերչին-Վեյսալի, Նիյազկուլար, Կեչալմամեդլի, Շահվելլի, Հաջիիսմաիլի և Ջեբրաիլի շրջանի Իսախլի գյուղերի ազատ արձակման մասին:
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ողջ օրվա ընթացքում և լույս հոկտեմբերի 20-ի գիշերը Աղդամի, Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրաիլի և Գուբադլի-Զանգիլանի ուղղություններով շարունակվող մարտական գործողությունների մասին:

Իրան

  • Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամինը հայտարարել է. «Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել»: 

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ»:

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • Հանրապետական Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով:  Գաբբարդի ներկայացրած բանաձևում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների և մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը: Բանաձևի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսևորած թշնամությունն ու ագրեսիան:
  • Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր Շոն Կոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի, վերահրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի «Հայաստանը հարձակման տակ է»գրառումը։

ԵՄ

  • Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։

Էստոնիա

  • Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։

Իսպանիա 

  • Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղը` Հովիկ Կեուչկերյանը, Instagram-ի story բաժնում իր աջակցությունն է հայտնել Արցախին: Բոգոտային մարմնավորող դերասանը կիսվել է «Ճանաչեք Արցախը» (Recognize Artsakh) պաստառով:

Հունաստան

  • Հունաստանի հայերը մի քանի հարյուր ավտոմեքենաներով փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը: Ցուցարարները ճանապարհը փակելուց հետո ոտքով շարժվում են դեպի սահման: Նրանց ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է. «Ուժեղ Արցախ», «Լեռնային Ղարաբաղը մերն է», «Մենք Արցախի հետ ենք», «Ազերի մարդասպանները պետք է պատժվեն», «Ճանաչեք Արցախը»:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հայտնում է, որ Սենատին է ներկայացնելու Արցախի ճանաչման մասին նախագիծ՝ միևնույն ժամանակ դատապարտելու են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
  • Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է. «Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան»: