Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 25-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 25-րդ՝ հոկտեմբերի 21

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
  • Կենտրոնական ուղղությամբ ևս ծանր մարտեր են ընթացել, մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական դիրքեր։ Այնուհետև մարտերի ուղղությունը թեքվել է դեպի հարավ՝ Արաքսի հունին մոտ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Նիկոլ Փաշինյանը 6 քայլ է ներկայացրել հաղթելու համար. 

Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:

  • Աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
  • Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
  • ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը։
  • ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:
  • Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
  • Մի խումբ քաղաքացիներ՝ «Դադարեցրեք թուրքական տեռորը», «Արցախը Հայաստան է», «Ճանաչեք Արցախը», «Ցեղասպանություն այլևս երբեք», «Մարդկային կյանքերը նշանակություն ունեն» վերատռությամբ պաստառներով, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանական բանակը օկուպացիայից ազատել է» Գեջագեզլյու, Աշաղի Սեիդահմեդլի, Ֆիզուլիի շրջանի Զարգյար, Բալյանդ, պապեր, Թուլուս, Հաջըլաներ, Ջեբրաիլի շրջանի Թինլի գյուղերը, Մինջիվան ավանը, ինչպես նաև Խուրամա, Հումարլի, Սարըլ, Բաբայլի, Ագալի III, Հաջալիները, Քըրըխ Մուշլանը, Ուդգյունը, Տուրաբադը, Իչերի Մուշլանը, Մելիքլին, Ջահանգիրբեյլին, Զանգելանի շրջանի Բահարլը։

Թուրքիա

  • Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից նման խնդրանք ստացվի. «Առաջին իսկ օրվանից մեր նախագահն արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի, առավել ևս՝ մեր նախագահը»:

Իրան

  • Իրանում ի առավոտյան սկսվեցին հակաօդային պաշտպանության ամենամյա զորավարժությունները՝ «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ»։

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: Եվ հենց այն պահին, երբ դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի լինի, ապա հնարավոր է հասնել դրան: Դա ոչ միայն Միացյալ Նահանգների շահերից է բխում, այլ նաև նրանցից յուրաքանչյուրի շահերից»:
  • ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ մարդկանց հաղթանակն ընդդեմ օտար տիրապետության։ Այս հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի բառերը, որը ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար հաստատեց, որ արդար կառավարությունը բխում է կառավարվողների համաձայնությունից։ Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան։ Ճանապարհը դեպի առաջ ազատությունն է, այս է պատճառը, որ ես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։

Իսպանիա 

  • Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ Կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում կիսվել է երեկ Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով և հավելել, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում:

Չեխիա

  • Չեխիայի հայ համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի վիճակի մասին՝ ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։