Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 26-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 26-րդ՝ հոկտեմբերի 22

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
  • Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ 
  • Թեժ մարտեր են ընթացել հատկապես Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում տեղադրեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի։ Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտնեց. «Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածք ընդունելի է հայկական կողմի համար և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահները»։ 
  • Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Ժոզեպ Բորելն ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
  • Հայաստանում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ փորձելով իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել:

Արցախ

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ թեժ մարտեր են ընթանում Շեխեր և Քաջար գյուղերի մատույցներում:

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Մոլլավելի, Յուխարի Ռաֆադինլի, Աշաղի Ռաֆադինլի, Սիրիկ, Շըխլյար, Մաստալիբեյլի, Ջեբրաիլի շրջանի Դերզիլի, Կոլուքիշլակ, Մալաթքեշին, Քենդ-Զանգելան, Գենլիկ, Վելիկուլուբեյլի, Կարադերե, Չոպեդերե, Թաթար, Թիրի, Էմիրխանլի, Կարգուլու, Բարտազ, Դելլեքլի և Զանգելանի շրջանի Աղբենդ գյուղերը։
  • Ըստ Ալիևի, ադրբեջանական բանակն այդ կերպ ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ սահմանը։ 
  • Կուբաթլիում տեղի ունեցած մարտում զոհվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքյուր Համիդովը։

Իրան

  • Իրանի հակաօդային պաշտպանության «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ հայրենական արտադրության հրթիռային պաշտպանության «Bavar-373» համակարգն է կիրառվել։

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը»: Պուտինը հավելել է, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ ուղիներ չեն տեսնում, բացի դիվանագիտական ճանապարհից։ «Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունի մեջ դնի։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- շեշտել է նա։
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Կոնֆլիկտի կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը: Եվ կոնֆլիկտի լուծմանը մասնակցելը, լինել միջնորդ կամ մասնակցել ֆորմատի, կախված է երկու երկրների համաձայնությունից»:
  • «ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը»- ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
  • ՌԴ Դաշնային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, վետերան Ֆրանս Կլինցևիչը նշել է, թե «իր համար անհասկանալի է պատերազմական այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Հայաստանն անկախ պետություն է, և Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջամտել և հակաահաբեկչական գործողություն իրականացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանից պաշտոնապես դիմում ունենա»:

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև։ 

Ավստրալիա

  • Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ:  

Իսպանիա 

  • Կատալունիայի խորհրդարանը կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

Կանադա

  • Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը դատապարտել է Անկարայի և Բաքվի գործողությունները՝ հորդորելով վտարել Թուրքիային ՆԱՏՕ-ից: Քննարկվում է նաև Արցախի անկախության ճանաչման հարցը:

Շվեդիա

  • Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը կարծիք հայտնեց, թե Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից: