Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 28


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 28-րդ՝ հոկտեմբերի 24

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
  • Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն հյուսիսային հատվածում։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: 
  • Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
  • ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձր պահի Արցախի ճանաչման դրոշը։ Արդարև, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով որևէ քայլ իր կարևոր նպաստը կարող է բերել  միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործին»,- գրել է Արամ Առաջինը։

Արցախ

  • ԼՂՀ իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին Ստեփանակերտի, Մարտունիի, ինչպես նաև առանցքային ճանապարհների ու ենթակառուցվածքների գնդակոծման մեջ:
  • Արցախի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։
  • Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: «Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը»,- նշել է նա:
  • Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն։

Ադրբեջան

  • Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նավթալանի և Տերտերի շրջանների, ինչպես նաև Լաչինի և Կուբաթլինի շրջանների հրթիռակոծման մեջ:
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին օդային հարվածներ հասցնելու համար օդուժի կիրառման մասին:
  • Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի տեղեկություններ է ստացել, որ ԱՄՆ քաղաքացիների ու օտարերկրացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների մասին և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս շատ զգույշ լինել։
  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Թուրքիա

  • Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի: Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է։

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: 
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Ղարաբաղում։ Փելոսին վստահություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Թվիթերի իր էջում գրել է. «Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։
  • ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում գտնվող Ամերիկայի քաղաքացիների և վիզաների բոլործառայությունները Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին«հավաստի հաղորդումների» պատճառով:
  • Արցախում ընթացող մարտերի պատճառով ճնշման տակ գտնվող ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը դադարեցնում է պայմանագիրը Թուրքիայի հետ:
  • Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Շոն Փենը գրել է. «Մինչ մեզանից շատերն իրենց հետույքն են մաշեցնում, Թրամփի ընկեր Էրդողանը սպանում է հայերին այն զենքերով, որ մենք ենք տրամադրել նրան: Սա Ամերիկան չէ»: 

Ավստրալիա

  • Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 

Գվատեմալա

  • Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը: 

Իսպանիա 

  • Հայերը փակել են Իսպանիա֊Ֆրանսիա մայրուղին։

Իտալիա

  • Հանրահայտ դերասան Կարլո Վերդոնեն հայտարարել է Իտալիայի բազմաթիվ մտավորականների կողմից ստորագրված խաղաղության և ժողովրդավարության կոչին միանալու մասին: «Լիովին սատարում եմ հայ ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ ենթարկվում է ոչնչացման փորձի: Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է: Այն պետք է փրկել»,- նշել է նա:
  • Իտալահայ գրող Անտոնիա Արսլանի խաղաղության կոչին միացել և ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ իր բողոքի ձայնն է բարձրացրել ավելի քան 200 իտալացի մտավորական։

Կանադա

  • Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: 
  • Կանադահայերը Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու  Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ։ Բողոքի ակցիա իրականացնողների ձեռքերում կային պաստառներ, որոնցում գրված էր «Խաղաղություն Արցախին», «Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Արցախը մերն է»։ Բողոքի ակցիա իրականացնողները նաև պահանջում էին Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Ֆրանսիա

  • Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»:
  • Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ «Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները»,- նշել է գեներալ Պիեռ դե Վիլյենը։