Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 32


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 32-րդ՝ հոկտեմբերի 28

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Երեկոյան ադրբեջանական կողմը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը:
  • Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնզալեզը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված իբր Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:  «Ռուս սահմանապահները կանգնած են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին: Այդպես է եղել միշտ։ Եվ հիմա՝ իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան սահմանին»,- պատասխանել է Փաշինյանը։
  • Կառավարությունը չներկայացավ այսօրվա ԱԺ հարցուպատասխանին։
  • Հայաէրոնավիգացիայի տեխնիկական տնօրեն Գևորգ Սիմոնյանն ասում է, որ թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս։ Դիտարկվող տարածքները Գյումրին և Երևանի օդանավակայաններն են։ 

ԱՐՑԱԽ

  • Ադրբեջանը հարված է հասցրել Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։
  • «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
  • Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում։

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատանք տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
    «Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել։ Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ այն դրական ենք դիտարկել և կդիտարկենք»,- ասել է նա։
    Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «ընդ որում, առանց նախապայմանների»:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղի իրադարձությունները։ Մենք ասել ենք՝ եկեք Կովկաս, լուծեք այդ հարցը։ Եթե ուզում եք, եկեք միասին որոշենք։ Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր գործընկերների հետ։ Թող մեր արտգործնախարարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը՝ հասկանանք՝ մենք կլուծենք այդ հարցը, թե ոչ։ Եկեք դա արդեն ավարտենք։ Մենք ազնիվ ենք։ Եվ հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»։
    «Մեզ ասում են ՝ դուք Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալներ եք ուղարկում Ադրբեջան։ Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի՝ հիմա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շուրջ երկու հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմից, նրանց 600-ական դոլար են վճարում։ Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի։ Ահա ես նրան այդ մասին հայտնել եմ»,- ասել է Էրդողանը։
  • Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները:

ԻՐԱՆ

  • Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ իր այցը Բաքու, իրականացվել է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ազդեցություն ունեցող երկրներ այցերի շրջանակներում: «Իրանի նախաձեռնության նպատակն է լուծել այս հակամարտությունը և հասնել կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի  միջև ու նաև տարածաշրջանում»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգում իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև:
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ տարածաշրջանում կրակի հստակ դադարեցման ռեժիմ առկա չէ, Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած գործում է հումանիտար հրադադարի մասին որոշում և դա անհանգստություն է առաջացնում: 
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՀԿ

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: «Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»։
  • ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային իշխանություններին կոչ արել չեղարկել քաղաքի ներդրումներն Ադրբեջանում ու Թուրքիայում։
  • SpaceX-ի աշխատակիցներն ու ԶԼՄ-ները առավոտյան հեղեղվել էին էլեկտրոնային նամակներով, աշխարհի տարբեր ծայրերից մտահոգ հայերի կողմից, որոնք խնդրում են ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ արբանյակային պայմանագիրը:

ԻՏԱԼԻԱ

  • Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

ԼՅՈՒՔՍԵՆԲՈՒՐԳ

  • Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար:

ԿԱՆԱԴԱ

  • Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսը ներկայացրել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

ՖՐԱՆՍԻԱ

  • Ֆրանսիայում հայերը փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող միջպետական մայրուղին`դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։