Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 33


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 33-րդ՝ հոկտեմբերի 29

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: 
  • Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է: «Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։ Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»:
  • Տավուշի մարզում աշխարհազորհի ստեղծման գործընթացը մեկնարկել է։

ԱՐՑԱԽ

  • ԼՂՀ նախագահը Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարել է, որ ադրբեջանական բանակը գտնվում է Շուշայից արդեն 5 կմ հեռավորության վրա:
  • Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ: «Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»:

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Խոջալուի, Ֆիզուլիի և Կուբաթլինի ուղղություններով մարտական գործողությունների ընթացքում հաջողության մասին:
  • Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել «Ազատագրված տարածքներում ժամանակավոր հատուկ կառավարման կազմակերպման մասին»: Հրամանագրի համաձայն ՝ այդ տարածքներում գտնվող յուրաքանչյուր շրջանի համար կնշանակվի ժամանակավոր պարետ, որը համակարգում է իշխանության մարմինների աշխատանքը։ Ժամանակավոր վարչակազմն իր գործողությունները կհամաձայնեցնի Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պետական սահմանապահ ծառայության հետ:
  • Բացի այդ, պարետային ժամի ժամանակ կստեղծվի օպերատիվ շտաբ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից:

ԹՈՒՐՔԻԱ

  • Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի:

ԻՐԱՆ

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական փաթեթը Բաքվին ներկայացնելուց հետո, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչին ժամանել է Մոսկվա։ «Մենք ստանձնում ենք պատասխանատվություն և կարող ենք օգնել լուծել ճգնաժամը»,- ասված է Ռուսաստանում իրանական դեսպանատան տելեգրամային ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Մենք ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն»։
    «Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։
  • ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է, որ հակամարտության ընթացքում երկու կողմից խաղաղ բնակիչներ են զոհվում, ընդգծելով, որ ռուսական կողմն առաջին իսկ օրվանից փորձել է հասնել կրակի արագ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու։ «Մոսկվան շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե՛ որպես ազգային միավոր, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում բանակցային գործընթացը վերսկսելու և շուտափույթ կերպով Ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի հասնելու համար»,- ընդգծել է նա։
  • Ռուսաստանի Դաշնությունից հերթական 50 տոննա հումանիտար օգնությունն է ուղարկվել Արցախ: Ինքնաթիռը գերբեռնված է եղել դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՊԿ (Ամերիկյան պետությունների կազմակերպություն)

  • Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: 

ԿԽՄԿ

  • Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը տարածել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը, որտեղ ասված է. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում։ ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն»։

ՄԻԵԴ

  • ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 3-ը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չգնալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս: 
  • Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ»: 

ԱՎՍՏՐԻԱ

  • Թուրքերը Վիեննայում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է:

ԻՍՊԱՆԻԱ

  • Բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է անում, վերահաստատում է, որ խնդրի միակ և երկարատև լուծումը պետք գտնվի բանակցությունների միջոցով՝ հիմնված լինելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության ազատ կամարտահայտության վրա:

ԼԻԲԱՆԱՆ

  • Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրությում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Էրդողանը ահաբեկիչ է»։

ՍԻՐԻԱ

  • Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկություն են ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիերի՝ հայրենիք տեղափոխման մասին: Վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ: Կենտրոնի փոխանցմամբ՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է: Նրանցից 163-ի մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:

ՖՐԱՆՍԻԱ

  • Ֆրանսիայի Վիեն քաղաքի հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում։ Երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: 
  • Նմանատիպ իրավիճակ էր նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` հայերին փնտրելու: Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում, քայլում են մեծ խմբերով և տարբեր սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին: Քաղաքացիները վախեցած թաքնվել են իրենց տներում, տեղեկացնում է «Զարթոնքնը»:
  • Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային։ «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա»,- գրել է նա: 
  • Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին գրել է. «Ֆրանսիայի Սարսել քաղաքի «Հայաստանի այգում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը կոտրել են»։