Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 34


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 34-րդ՝ հոկտեմբերի 30

Իրավիճակը ռազմաճակատում

  • Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ, հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ։
  • Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը։ Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ մարտերը շարունակվել են։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է ամենաօպտիմալ լուծումը լինել։ Վարչապետն ասել է, որ ինքը հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է կողմ լինեն բոլոր կողմերը:
  • ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ։
  • Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքյան էջում գրել է, որ «ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը»
    Այս կապակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։ 
  • Հետագայում պարզվեց, որ Փաշինյանը նախկին նախագահներին որևէ մանդատով չի լիազորել, ինչը նշանակում էր մերժում։
  • ՀՀ ՊՆ ներկայացուցիչը լուսանկարներ է հրապարակել կանանց առաջին վաշտի պատրաստություն անցնելու մասին։ 

ԱՐՑԱԽ

  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Շուշին վտանգված է։
  • ԼՂՀ իշխանությունները հայտարարել են Լաչին քաղաքի ուղղությամբ մարտական գործողությունների մասին։
  • Արցախի ՊԲ գերեվարել է զինյալ ահաբեկիչ, ով ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից, և ներկայացրել որոշ մանրամասներ իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին։

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է Խոջավենդի և Կուբաթլինի ուղղություններում շարունակվող մարտերի մասին:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել Խուդավերդիլի, Կուրբանթեփե, Շահվելեդլի, Ջեբրաիլի շրջանի Հուբյարլը, Ալադին գյուղերը, Զանգելանի շրջանի Վեժնալի ու Կուբաթլինի շրջանի Կևդադիխ, Մամար, Մոլլալներ գյուղերը։

ԻՐԱՆ

  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Երևան է ժամանել, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով. «կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի»:
  • Իրանի ԱԳ փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արագչին ասել է. «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի մասնակցությամբ»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը։ «Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում՝ շեշտադրում կատարելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ, և այն առաջարկների հիման վրա, որոնք մշակվել են Մինսկի խմբի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահների կողմից, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս և շահերի հավասարակշռություն գտնել: Դա հնարավոր է անել։
    Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: Այստեղ հեշտ լուծումներ չկան: Մեր դիրքորոշումը բաց է. խոսել հինգ գումարած երկու շրջաններն Ադրբեջանին փոխանցելու մասին` ղարաբաղյան գոտու համար որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Ինչու՞մ կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը: Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ՝ ինչպես ադրբեջանական ժողովրդին, որին մենք մշտական հարգանքով ենք վերաբերվում, նաև որպեսզի հաշվի առնվեն հայ ժողովրդի և Հայաստանի պետության շահերը, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միևնույն ժամանակ հնարավորություններ ստեղծեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար` բոլոր ապակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակմամբ և զարգացմամբ, որոնք հիմք կդառնային ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և հենց Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»:

    «Չէ որ ինչի՞ց է սկսվել հակամարտությունը. էթնիկական բախումներից…, և Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին և ինքնուրույն դա արեցին»,- մանրամասնել է Պուտինը։
  • ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով նշել է. «Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»։
  • ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ չեն բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան: «Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,- եզրափակել է նա:

ԱՊՀ

  • Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Սամարղանդում մասնակցել են ԱՊՀ երկրների շտաբերի պետերի նիստին։ Երևանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

ԵԱՀԿ

  • Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Ժնևում և բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ավարտին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ կողմերը շտապ քայլեր կձեռնարկեն գերիների և զոհվածների աճյունների փոխանակման գործընթացն իրականացնելու համար, ինչպես նաև ձեռնպահ կմնան խաղաղ նպատակներին գիտակցաբար հարվածելուց:
  • Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ և անվերապահ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում` հետագա անդառնալի մարդասիրական աղետից խուսափելու համար: Համատեղ հայտարարության մեջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիսթերը (ԵԺԿ), Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող Անդրեյ Կովաչովը (ԵԺԿ) և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոն (ԵԺԿ) խստորեն դատապարտել են շարունակվող ռազմական գործողությունները: «Խստորեն դատապարտում ենք երկու երկրների միջև ընթացող ռազմական գործողությունները` հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերի խախտմամբ, որոնք կնքվել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին և 25-ին միջազգային հանրության շարունակական ջանքերի շրջանակներում»:

BBC

  • BBC-ն ներկայացրել է տեսանյութ՝ Արցախի առաջնագծից։ «Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են արդեն մեկ ամսից ավելի, և երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունեցել։ Քանի դեռ մարտերը շարունակվում են, առաջնագիծ ուղարկված տղաների հայ մայրերը պատմում են, թե ինչպես են իրենց ընտանիքները քանդվել, և ոչ առաջին անգամ»,-գրում է BBC-ն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը  զանգահարել է Հայաստանի վարչապետին և հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Թրամփի խորհրդականը նաև հայտարարել է. «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից և միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։
  • Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: «Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»,- ասել է Օ՛Բրայենը:
  • «Կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը: Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որը չի շտապում համաձայնության գալ զինադադարի ՝ առանց որևէ պայմանի։ Մենք կարծում ենք, որ երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- ասել է Օ’Բրայենը:

ԲԵԼԳԻԱ

  • Արցախ ժամանած Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը գլխավորող պատգամավոր Ժորժ Դալմանը նշել է, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:

ԳԵՐՄԱՆԻԱ

  • Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Մաասը նաև կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում կգործադրի՝ հրադադար ապահովելու համար: 

ԻՍՊԱՆԻԱ

  • Կատալոնական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան: 

ՈՒՐՈՒԳՎԱՅ

  • Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին, Լուիս Ալբերտո Լակալյե Էռերան, Տաբարե Վասկեսը և Խոսե Մուխիկան հայտարարություն են ստորագրել՝ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելով Հայաստանին` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին։ Նախկին նախագահները կոչ են արել անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները, վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները` հակամարտության վերջնական կարգավորման համար։

ՖՐԱՆՍԻԱ

  • Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»: 
  • Ֆրանսիական Դեսինում հայ համայնքի ներկայացուցիչներն ուղերձ են հղել «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությանը. «Մենք չեզոք տարածքում ենք, հարգում ենք Ֆրանսիայի օրենքները: Բայց իմացե՛ք, հարձակումներն անպատասխան չեն մնալու, իսկ պատասխանը շատ կոշտ է լինելու»: