Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 35


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 35-րդ՝ հոկտեմբերի 31

Իրավիճակը ռազմաճակատում

  • Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, որտեղ պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ, կիրառում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր։
  • Առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ։
  • Կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություն։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: 
    «Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:
  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համառոտ ուղերձ է հղել. «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը: «Հակամարտության էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության նկատմամբ շարունակվող հարձակումների ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված է գրառման մեջ:
  • «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» նախաձեռնությունը միավորել էր համաշխարհային հայտնիություն վայելող հայ և այլազգի բազմաթիվ երաժիշտների: Իրենց կատարումներով հանդես են եկել «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը, Դաֆեր Յուսեֆը,  իրանցի դերասանուհի, երաժիշտ և երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին և այլք։

ԱՐՑԱԽ

  • Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել. «Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ»:
    Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։
  • Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Շուշին։
  • Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր առավոտյան: «Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից: Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում»։

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտերը Խոջավենդի և Կուբաթլուի ուղղությամբ շարունակվել են, իսկ «հայկական զինված ուժերը նահանջում էին ամբողջ ճակատով»։

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը մեղադրել է Էրդողանի ռեժիմին. «Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։ Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։ Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում:
    Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ

  • Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ»- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն ասել է «Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար»։

ՄԱԿ

  • ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: «Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և դիտարկել այն: Եթե իրավիճակը սրվի, և եթե հակամարտությունը շարունակի միջազգայնանալ, ինչպես լսում ենք բազմաթիվ մեջբերումներից, կտեսնենք, թե ինչ ենք անելու»,- ասել է նա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • Սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերի արդյունքում ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: 
  • Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտնել է, որ Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: «ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել»: ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

  • Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ ասվում է. «Հազարավոր մարդիկ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, անհետաձգելի դեղամիջոցներ, սնունդ և ավելի անվտանգ ապաստարան կստանան Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում: Խիստ անհրաժեշտ բժշկական միջոցներ, ներառյալ՝ վիրակապեր և բինտեր, կտրամադրվեն տուժած քաղաքացիներին 1 մլն ֆունտի չափով Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում՝ ի պատասխան Կարմի խաչի միջազգային կոմիտեի հարցման»:
    Մարտական գործողությունների ընթացքում վիրավորներին, ներառյալ՝ երեխաներին, կտրամադրվի բուժում բժշկական հաստատություններում կամ էլ անձանց կողմից, որոնք արտակարգ օգնություն են տրամադրում ԿԽՄԿ-ի աջակցությամբ:
  • Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը:

ՇՎԵԴԻԱ

  • Շվեդիայի հայերը խոշոր ավտոերթ են անցկացրել Ստոկհոլմի հյուսիսի և հարավի միջև ընկած միակ մայրուղում։ 400 մեքենայից բաղկացած շարասյունը խցանումներ է առաջացրել Ստոկհոլմի հյուսիսն ու հարավը կապող միակ մայրուղում: 

ՈՒԿՐԱԻՆԱ

  • Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Facebook-ի իր էջում գրել է. «Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին:
    Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: 
    Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում:
    Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն»: