Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 36


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 36-րդ՝ նոյեմբերի 1

Իրավիճակը ռազմաճակատում

  • Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
  • Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Թուրքիան վարձկաններ է ուղարկել Սիրիայից Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար։ Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ են տեղափոխում ոչ խաղաղության կամ կրակի դադարեցման համար։ Ահաբեկիչներին ու վարձկաններին բերում են պատերազմի համար»։
  • ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sputnik International»-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն:  «Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,- նշել է նախարարը:

ԱՐՑԱԽ

  • ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ,  1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է: Իր խոսքերով,  Արցախում «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջան՝ քննարկելու իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: 

ԻՐԱՆ

  • Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: «Մենք համարում ենք, որ պատերազմը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, եւ այդ պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա: Այդ համատեքստում ենք մենք բանակցում»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՎԱՏԻԿԱՆ

  • Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ «Այս օրը բոլոր սրբերի տոնն է (նշվում է կաթոլիկների կողմից նոյեմբերի 1-ին) չմոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ ընթանում է զինադադարի կարճատեւ ժամանակահատվածներով ընդհատված զինված հակամարտություն։ Ավելի ու ավելի մեծ ոչնչացման են ենթարկվում տները, ենթակառուցվածքները, պաշտամունքի օբյեկտները։ Ավելի ու ավելի զարգացող ռազմական գործողությունները ազդում են քաղաքացիական բնակչության վրա։ Դա ողբերգություն է»,- ասել է Ֆրանցիսկոսը։