Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 37


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 37-րդ՝ նոյեմբերի 2

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք»:
  • ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով»:
  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որի վրա գրված է. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր ինձ: Ես Արցախն եմ»։

ԱՐՑԱԽ

  • Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:
  • Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
  • Զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և գնդապետ Սերգեյ Շաքարյանը, որը մոտ մեկ ամիս առաջ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել էր Արցախի հերոս կոչման:

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Ջեբրաիլի շրջանի Չապրանդ, Հաջի Իսաքլի, Կոշաբուլակ, Զանգելանի շրջանի Դերե Գիլյաթագ, Բեյուկ գյուղերը և Իշիգլի, Մուրադխանլի, Կուբաթլինի շրջանի Միլանլը գյուղերը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել երկու երկրների ղեկավարների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: «Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»: