Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 38


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 38-րդ՝ նոյեմբերի 3

Իրավիճակը ռազմաճակատում

  • Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։  Օրվա ընթացքում Ադրբեջանական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։
  • Ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում։
  • Գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները։ 
  • «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Եղել են տուժածներ։ Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը»։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին։ Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:
  • Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Մինսկի խմբին անարդյունավետության մեջ ու նշել, թե իբր ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է եղել դիվանագիտական փակուղու հասնելու հանգամանքով: Հուլուսի Աքարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, նշելով, թե Մինսկի խմբի կողմից հակամարտության կարգավորման երկարաձգումն է Ադրբեջանին ստիպել ասել «արդեն բավական է» ու հարձակման անցնել: Թուրքիայի պաշտպանության նախարարը ռազմական գործողությունների դադարեցման համար միայն մեկ նախապայման է առանձնացել. «Բոլորը պետք է հասկանան, որ մինչև Հայաստանը դուրս չգա «օկուպացված» տարածքներից, գործողությունները չեն դադարի և հրադադար չի կնքվի»:
  • Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է. «Այսօր թե՛ Եվրոպայի և թե՛ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե կորոնավարակն է, այլ անձնիշխանության մշակույթի վարակը, որը տարածում են տգետ և պոպուլիստ առաջնորդները»։

ԻՐԱՆ

  • Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տվյալներով Լեռնային Ղարաբաղի համակարտությունում ներգրավվել են տարբեր երկրներից ահաբեկիչներ: «Չնայած ոմանք ահաբեկիչների ներկայությունը հերքում են, սակայն վստահելի տվյալներ կան, որ տարբեր շրջաններից ահաբեկիչներ են ներգրավվել: Եթե նրանք մեր սահմաններին մոտենան և վտանգ զգանք, հուժկու պատասխան կտանք»,- ընդգծել է Խամենեին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը գործնականորեն ամեն օր միջնորդական ջանքեր է գործադրում ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Անում ենք հնարավոր ամեն ինչ, համանախագահող գործընկեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին»: Սերգեյ Լավրովը նշել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատում են հրադադարի հասնելու համաձայնագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու ուղղությամբ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ բնակավայրերի վրա միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ շարունակվող անխնա հարձակումների կապակցությամբ և նախազգուշացրել, որ դրանք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին: «Սեպտեմբերին հակամարտության վերսկսումից հետո բազմիցս կոչեր են հնչել կողմերին, այդ թվում և ինձնից, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի խուսափեն կամ առնվազն նվազագույնի հասցնեն քաղաքացիական բնակչության մահերը և վնաս հասցնեն քաղաքացիական ենթակառուցվածքներին, Այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին»,- ասել է Բաչելետը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԻՏԱԼԻԱ

  • Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: