Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 40


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 40-րդ՝ նոյեմբերի 5

Իրավիճակը ռազմաճակատում

  • Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: 
  • Օրվա ընթացքում հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց. «Արցախի այսօրվա գոյութենական պայքարը ինչպես եղել է տարիներ շարունակ, այսօր էլ ծայրահեղ կերպով շարունակվում է մարտի դաշտում, այդ ամենը մենք անում ենք մեր ուժերով, բայց նաև մենք ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները և հնարավորությունները, որոնք օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ»։

ԱՐՑԱԽ

  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է, որ Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը։

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։ «Ադրբեջանի տեսակետը մշտապես հետևողական է եղել և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա։ Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է դրանց կյանքի կոչման շուրջ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»:

ԻՐԱՆ

  • Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց. «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»:  
  • «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակել  է լարված մնալ: Արձանագրվել են փոխադարձ կրակոցներ շփման գծի բոլոր ուղղություններով: Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները: Կողմերին կոչ ենք անում ծայրահեղ հանդուրժողականություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- նշեց Զախարովան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: «Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,- ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը:
  • ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոկսը, Կոնգրեսի 100 անդամների հետ միասին, նամակ է հղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID)՝ հորդորելով տրամադրել կարևոր ֆինանսավորում Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ վտանգների զենքերի հեռացման համար:

ԱՎՍՏՐԱԼԻԱ

  • Ավստրալիայի կառավարությանն ուղղված ուղերձում Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում:

ԳԵՐՄԱՆԻԱ

  • Գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասի միջև: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը:
  • ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ կոչ անելով կանցլեր Անգելա Մերկելին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ: Թիլ Մանսմանը և Ալբերտ Վայլերը նշել են. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի»:

ԻՍՊԱՆԻԱ

  • Իսպանացի կոնգրեսական Ջոն Ինյարիտուն, որը գտնվում է Արցախում, տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հրետակոծված հիվանդանոցի դիմացից՝ կոչ անելով միջազգային հանրությանն արագ գործել՝ խուսափելու նոր ցեղասպանությունից։ «Բարի լույս Ստեփանակերտից։ Ադրբեջանն ու Թուրքիան թիրախավորում են Արցախի քաղաքացիներին։ Միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ կանխելու, որ Ադրբեջանը նոր ցեղասպանություն անի»,- ասում է Ինյարիտուն։

ԻՏԱԼԻԱ

  • Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: 

ԿԱՆԱԴԱ

  • Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

ՖՐԱՆՍԻԱ

  • Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանության մասին և գրել, որ ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային: «Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- գրել է Լաքոտը: