Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 43


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 43-րդ՝ նոյեմբերի 8

Իրավիճակը ռազմաճակատում

  • Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում։ Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում։ 
  • Ժամը 18:30-ին մոտ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ադրբեջանը Մարտակերտ քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել՝ հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
  • Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։ 
  • Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • «Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը «Ուկրաինա 24»-ին տված հարցազրույցում։
  • ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին՝ հայտնելով պատրաստակամություն համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք մեղադրվում են միջազգային ահաբեկչության հոդվածով:
  • ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն Առաջին ալիքի ուղիղ եթերում ասաց, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:  

ԱՐՑԱԽ

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյբուգում գրառում էր կատարել. «Սիրելի ՛ հայրենակիցներ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»։
  • «Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ՝ հրթիռների պայթյունների փոխարեն, եւ միասին կապաքինենք Արցախի վերքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
  • Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ,  սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը»։

ԱԴՐԲԵՋԱՆ

  • ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել։

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մանրակրկիտ քննարկվեց: Ռուսաստանի նախագահը տեղեկացրեց իր թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այս շփումները նպատակ են ունեցել գտնել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ և հասնել քաղաքական ու դիվանագիտական ​​կարգավորմանը՝ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
  • Ռուսաստանի մի խումբ գիտնականներ քարոզարշավ են սկսել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և վաճառքի են հանել հայությանն ու  Հայաստանին վերաբերող իրենց գիտական աշխատություններն ու գրքերը և կոչ են անում ամբողջ աշխարհին գնել դրանք և այդպիսով օգնել Արցախին։