Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 44


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 44-րդ՝ նոյեմբերի 9

Իրավիճակը ռազմաճակատում

  • Կեսգիշերից հետո Ադրբեջանը կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։
  • Ժամը 18։39-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ։ Եղել է 2 զոհ։
  • Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, ժամը 00:00-ին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • Շուշիի համար մարտերը շարունակվում են. Նիկոլ Փաշինյան։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • Ռուսաստանի կողմից Իրանի և Թուրքիայի հետ համատեղ Սիրիայում կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները ցույց են տալիս իրենց արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստացի չեզոքացվել է: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով: Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է բուռն ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու, դրա ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:
  • Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար: Հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:
  • Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը: «Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ասելով, որ չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Ինչպես դուք հավանաբար բազմիցս լսել եք, Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։
  • Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այդ ճգնաժամի լուծման ուժային ուղին, և մենք հենց ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԻՍՊԱՆԻԱ

  • Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ 

ԿԱՆԱԴԱ

  • Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հրապարակել է «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նաև ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի, համաշխարհային հայտնիություն վայելող «System Of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Արցախ կատարած այցի մասին։ «Մենք քեզ թույլ չենք տա գնալ։ Մեր տղամարդիկ ու կանայք զինված ուժերում, մեր քաղաքացիական բնակչությունը, կանայք, երեխաները, ծերունիները այդ հողի լեգալ իրավունքն ունեն։ Ոչ, սա նացիոնալիզմ չէ, սա բնիկ ժողովրդի՝ սեփական ժառանգությունը, մշակույթն ու հողը պաշտպանելու իրավունքն է»,- գրել է Արսինեն։