Բարի Սամարացու առակը

 Մտորման համար  01/09/2021   20:30    31
Բարի Սամարացու առակը

Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ:

Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ:

Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Եվ մոտենալով` կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. «Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ: (Ղուկ. 10: 30-35)։

  • Մարդը, որ իջնում էր Երուսաղեմից Երիքով, Ադամն է և նրա նման հանցանք գործած բոլոր մեղավորները:
  • Երուսաղեմը դրախտն է, որտեղից արտաքսվեցին, իսկ Երիքովն աշխարհն է:
  • Ավազակները սատանան ու նրա գնդերն են:
  • Մերկությունը՝ փառքից և անմահությունից զրկվելն է, վերքերը` մեղքն ու բոլոր հանցանքները:
  • Կիսամահ էր նրա համար, որ մեղքերով վիրավոր էր, սակայն օգնության և փրկության հույս ուներ, և պետք էր, որ սամարացու, այսինքն` Փրկչի, գալստյամբ վերստին կենդանանար:
  • Քահանան և ղևտացին մարգարեներն ու վարդապետներն են, որոնք Քրիստոսից առաջ էին:
  • Սամարացին Քրիստոսն է, քանզի սամարացիների նման մերժվեց հրեաների կողմից, անգամ դիվահար կոչվեց:
  • Ձեթը ողորմությունն է, որը լցրեց նրա վրա (այսօր էլ մկրտվողի վրա ընտիր ձեթ` Սուրբ Մյուռոն է լցվում` վերստին կյանքի համար):
  • Գինին ուրախության նշանն է, որ փրկվեց ավազակներից (նաև Քրիստոսի Սուրբ Արյան նշանն է, Որով լվաց մարդկանց մեղքերը և Սուրբ Հաղորդության բաժակը լցրեց` մեր փրկության համար):
  • Գրաստը, որի վրա դրեց խոշտանգվածին, Իր Մարմինն է, Որով վերացրեց աշխարհի մեղքերը:
  • Իջևանն Աստծո Եկեղեցին է, իսկ իջևանատերն առաքյալներն են և նրանց նմանները` Եկեղեցու վարդապետները (հոգևորականները):
  • Երկու դահեկանը՝ Հին ու Նոր Կտակարաններն են:
  • Սամարացու մյուս անգամ գալը Քրիստոսի երկրորդ գալուստն է, երբ Նա յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի. առաքյալներին և վարդապետներին` արքայության պսակը, քանզի ջանացին Տիրոջ հրամանը կատարել և վաստակած ճգնությամբ Ադամի որդիներին դարձրեցին բարեպաշտ:

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 1
armenlur