Չարլզ Բուքովսկի. ամբոխի հանճարը

Անձնակազմ 11.03.2020   21:30   616

միջին մարդ արարածի մեջ էնքան դավաճանություն, ատելություն ու
բռնություն կա
որ ցանկացած օր կբավականացնի ցանկացած բանակի
լավագույն մարդասպանները սպանության դեմ քարոզողներն են
լավագույն ատողները սեր քարոզողներն են
լավագույն պատերազմողները խաղաղություն քարոզողներն են
աստծուն քարոզողները չունեն աստված
խաղաղություն քարոզողները չունեն խաղաղություն
խաղաղություն քարոզողները չունեն սեր
զգուշացեք քարոզիչներից
զգուշացեք ամենագետներից
զգուշացեք նրանցից ովքեր միշտ գիրք են կարդում
զգուշացեք նրանցից ովքեր կամ ատում են աղքատությունը
կամ հպարտ են դրանով
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գովերգել
որովհետև իրենք ուզում են գովերգվել ի պատասսխան
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գրաքննություն
որովհետև իրենք սարսափում են իրենց չիմացածից
զգուշացեք նրանցից ովքեր մշտական ամբոխ են փնտրում
որովհետև իրենք մենակ ոչինչ են
զգուշացեք միջին տղամարդուց, միջին կնոջից
զգուշացեք նրանց սիրուց, նրանց սերը միջին է
ու միջին է փնտրում
բայց նրանց ատելության մեջ մի հանճար կա
ատելության հանճար որը լրիվ հերիք է քեզ սպանելու համար
ցանկացածին սպանելու համար
նրանք չունեն մենության կարիք
նրանք չունեն հասկանալու կարիք
նրանք կփորձեն կործանել այն ամենը
ինչ տարբերվում է իրենց ունեցածից
անընդունակ լինելով ստեղծելու արվեստ՝
նրանք երբեք արվեստ չեն հասկանա
նրանք իրենց սեփական ձախողումը
կհամարեն միայն աշխարհի ձախողում
անընդունակ լինելով լիովին սիրելու՝
նրանք համոզված են որ քո սերն անկատար է
նրանք քեզ կատեն
ու նրանց ատելությունը կլինի կատարյալ
ոնց որ փայլուն ադամանդը
ոնց որ դանակը
ոնց որ սարը
ոնց որ վագրը
ոնց որ մոլեխինդը
նրանց ամենագեղեցիկ արվեստը

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Սամվել Մկրտչյան, Չարլզ Բուքովսկի, Чарльз Буковски


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon