«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 4-րդ համագումարի բանաձևը


Քննարկելով Հայաստանի շուրջ և երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 4-րդ համագումարն արձանագրում է. 

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումն այլընտրանք չունի: Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականն է, 
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ԼՂ-ի հայկականությունն ու անվտանգությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, 
  • Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմքում պետք է դրված լինի՝ բոլոր ուղղություններով և բոլոր երկրների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հրամայականը՝ բացառելով որևէ գերտերության կողմից մյուսի դեմ օգտագործվելու ռիսկը: Մերժելի են ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության չմտածված, արկածախնդիր շրջադարձերը (ուկրաինացման ռիսկ), այնպես էլ՝ Հայաստանի միակողմանի կախվածության՝ բելառուսացման ռիսկերը, 
  • հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ներքաղաքական համատեքստի պատանդ չդարձնելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու լավագույն միջոցը՝ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որոնք կարող են հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել խաղաղության գործընթացի շուրջ: 2021թ-ի արտահերթ ընտրություններն այս խնդիրը չեն լուծել, 
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համար հավասարապես մերժելի են ներկա պոպուլիստական կառավարությունն ու հին համակարգի հետ նույնացող ընդդիմությունը: Մենք բացառում եք ինստիտուցիոնալ համագործակցությունը ներկա կառավարության հետ ու մեր մասնակցությունը հին համակարգի ռեստավրացիային, 
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստանձնում է ամբողջական պատասխանատվություն՝ գործող իշխանությանը մաս չկազմող ու հին համակարգի հետ չնույնացող ուժերի համախմբում իրականացնելու, իրական այլընտրանք ձևավորելու, ըստ անհրաժեշտության՝ միայնակ կամ համախոհ ուժերի հետ իշխանություն ձևավորելու հարցում: