Էրդողանը հնարավոր է համարում հայ-թուրքական սահմանի բացումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացին:

«Անադոլու»  գործակալության փոխանցմամբ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի հայ-թուրքական բանակցություններից՝ Էրդողանն ասել է.

«Ես բազմիցս նշել եմ, որ Թուրքիան համարժեք արձագանք կտա Հայաստանի կատարելիք դրական քայլերին: Այս տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: Հենց այս մղումով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր սկսեցինք: Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևն էլ է սա օգտակար համարում: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»: 

Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է հատուկ ներկայացուցիչների նշանակման, նրանց առաջին հանդիպման ու Վիեննայում սպասվող երկրորդ հանդիպման մասին։

«Գիտենք նաև, որ Հայաստանը որոշ կոնկրետ սպասելիքներ ունի, հատկապես սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու գործում, ապա մեզ համար սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի:  Մենք որոշեցինք մեր երկրների միջև վերսկսել ուղիղ թռիչքները մարդկային լավ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել փոխլրացնելով միմյանց։
 




avatar

ԳՈՎԱԶԴ