Հայաստանը Թուրքիայի համար թիվ 1 թշնամին է. հարցում


Թուրքական Kadir Has համալսարանը հրապարակել է "Turkey Trends – 2021"-ի հարցումը, որում ներկայացված է բազմաթիվ հարցերի վերաբերյալ Թուրքիայում առկա հասարակական կարծիքը: Հարցմանը մասնակցել է 1000 քաղաքացի։ Հարցաշարում առանձին անդրադարձ կա նաև երկրի արտաքին քաղաքականությանը։ Մասնավորապես, հարցվածների 50.6% - ը Թուրքիայի ներկայիս կառավարության արտաքին քաղաքականությունը համարում է հաջողված։ Սա վերջին 6 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդ որում, էապես հաջողված է գնահատվում Էրդողանի «Կովկասյան քաղաքականությունը»։

Ըստ հարցումների, ներկա պահին Թուրքիան գտնվում է տարածքների կորստի նվազագույն ռիսկի գոտում։ Եթե 2012-ին հարցվածների 47%–ը կարծում էր, որ Թուրքիան կարող է մասնատվել, իսկ 2015–ին նման կարծիք արտահայտել էր 54% -ը, ապա հետագայում այդ ռիսկը գնահատվել է ավելի ցածր։ 2021-ին այն կազմել էշուրջ 19%։

Ուշագրավն այն է, որ «Թուրքիային սպառնացող երկրների» և թշնամիների ցանկում Հայաստանը հայտնվել է առաջին տեղում ՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից ու Իսրայելից՝ ցուցակի ավանդական առաջատարներից։

Հայաստանին թշնամի է համարում հարցվածների 60.9%-ը, 60.5%-ը Թուրքիայի թշնամի է ընկալում Իսրայելին, իսկ 56.1%-ը՝ ԱՄՆ-ին: Թշնամական վերաբերմունքը գերակշռում է նաև Իրաքի (49.6%), Կիպրոսի (44.6%), Մեծ Բրիտանիայի (44.4%), Իրանի (44.3%), Ֆրանսիայի (43.7%), Սիրիայի (42.6%), Հունաստանի (42.4%), Ռուսաստանի (40.7%) պարագայում:

Հայաստանի դեպքում հարցումն ունի հետևյալ պատկերը՝ 60.9%-ը նշել է, որ Հայաստանը սպառնալիք է Թուրքիայի համար, 22.3%-ի կարծիքով Հայաստանը սպառնալիք չի ներկայացնում,  16.8% - ը չի կողմնորոշվել։

Այն երկրների ցանկում, որոնց հետ հարցվածները անհրաժեշտ են համարում կարգավորել հարաբերությունները, Հայաստանը 9-րդ տեղում է, 14.4% - ը կարծում է, որ դա անհրաժեշտ է անել, 66.2% -ը դեմ է:

Հիշեցնենք՝ Հայաստանի գործող իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է քարոզել այսպես կոչված «Խաղաղության օրակարգը‎»‎՝ հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ հարևան երկրներում հայատյացությունը ավելի վտանգավոր միտումներ է ձեռք բերում։
 




avatar