Հիշարժան և տոն օրեր, մարտի 20

Տոներ 20.03.2021   09:00   39

Միջազգային

Երջանկության համաշխարհային օրը (ՄԱԿ) - International Day of Happiness

  • 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։ Երջանկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանին։

Ֆրանսախոսների համաշխարհային օրը (ՄԱԿ) - Journée internationale de la Francophonie

  • Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։
  • Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։

Երկիր մոլորակի միջազգային օրը (Earth Day)

  • Երկրի օրվա մի շարք միջոցառումներ տեղի են ունենում գարնանը և ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան կա`մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին: 

Գարնանային գիշերահավասարի օրը

  • Գիշերահավասարի օրն Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը:

Առանց մսեղենի միջազգային օրը (International Day Without Meat)

  • Առանց մսի միջազգային տոնը շատ երկրներում նշում են 1985 թվականից: Մարտի 20-ին խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ կարեկցանք: Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: 
  • Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես, 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր: Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի սովյալ բնակիչներին: Բացի այդ, անասնաբուծությունը ջերմոցային կառույցների համար օգտագործում է արտադրվող գազի 18%­ը, դա ավելին է, քան տրանսպորտի բոլոր տեսակները միասին վերցրած:

Ճնճղուկների միջազգային օրը (World Sparrow Day) 

  • 1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից:
  • Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները: 35 գրամանոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան 2011 թվականի հենց այս օրը: Մտահղացումը հնդկական և ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլև էկոլոգիական լուրջ դեր են կատարում: 

Աստղաբաշխների միջազգային օրը

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրը

  • Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:
  • Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:
  • Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-02, 2023-03-25, 2024-03-16, 2025-04-05, 2026-03-21, 2027-03-13, 2028-04-01, 2029-03-17, 2030-04-06:

Ազգային

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 20, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon