Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 15

Տոներ 15.02.2021   09:30   152

Միջազգային

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day)

  • Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ սկսած 2001 թվականից։
  • Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել: 
  • Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 90 երկրներում։
  • Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի աշխարհում մոտ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով։ Նրանցից կեսը մահանում է։
  • Երեխաներն ավելի շատ հիվանդանում են արյան քաղցկեղով կամ լեյկեմիայով։
  • Զարգացած երկրներում, որտեղ հիվանդանոցները զինված են ժամանակակից տեխնիկայով, 4 երեխաներից 3-ը բուժվում են, իսկ ահա զարգացող երկրներում պատկերը լրիվ հակառակն է։ Հենց զարգացող երկրներում են ապրում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը։

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Մեծ պահք

  • Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
  • Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
  • Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
  • Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
  • Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
  • Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
  • Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
  • Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
  • Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
  • Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
  • Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
  • Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
  • Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
  • Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-02-28, 2023-02-20, 2024-02-12, 2025-03-03, 2026-02-16, 2027-02-08, 2028-02-28, 2029-02-12, 2030-03-04։

Ազգային

Հին Հռոմ - Լուպերկալիաների տոնը (Feast of Lupercalia) *

  • Հին Հռոմում կազմակերպվող տոնախմբությունն ի պատիվ հովիվների և հոտերի պաշտպան Լուպերկիին է։ Ըստ ավանդության տոնը հաստատել է դեռևս Հռոմուլոսը։ Լուպերկալիաները անցկացվում էին Lupercal քարանձավում, Պալատինյան բլրի ստորոտին։ Լուպերկալիաների ընթացքում մատուցում էին զոհեր (նոխազներ և այծեր), հատուկ ծիսակարգով. զոհը մորթելու արյունոտ դանակը քրմերը հպում էին զոհասեղանի մոտ կանգնած երկու պատանիների ճակատին և հետո արյան բիծը սրբում էին կաթի մեջ թաթախված բրդով։ Դրանից հետո լուպերկ-քրմերը զոհասեղանին մորթված կենդանու մորթուց փոկեր էին կտրում և մոթրուց պատչաստած հագուստով դուրս էին նետվում Լուպերկալից և վազում Պալատինյան բլրի շուրջը, հանդիպողին հարվածում փոկերով։ Ամուսնացած կանայք սիրով էին թույլ տալիս հարվածելու իրենց, հավատալով, որ դա իրենց կբուժի չբերությունից։
  • Լուպերկների փոկերը կոչվում էին ֆեբրուա. այստեղից էլ` ֆեբրուարիոս (փետրվար) ամսվա անվանումը։ Լուպերկալիա տոնը նշվել է դարեր շարունակ։ Լուպերկի պաշտամունքը անկում է ապրել Հռոմում քաղաքացիական պատերազմների ժամանակ, բայց վերականգնվել Օգոստոսի կողմից։ 496 թվականին Հռոմի պապ Գելասիոս I-ը փոխել է Լուպերկալիաները սուրբ Վալենտինի օրվա, որպեսզի արմատախիլ անի հեթանոսական սովորույթները։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon