Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 27

Տոներ 27.02.2021   09:30   53

Միջազգային

Բևեռային արջի միջազգային օրը

  • Ամեն տարի՝ փետրվարի 27-ին, աշխարհում նշում են Բևեռային կամ սպիտակ արջի միջազգային օրը (International Polar Bear Day)։
  • Օրվա հիմնական նպատակը բևեռային արջերի մասին տեղեկատվությունը տարածելը, նրանց պահպանության խնդիրների վրա հասարակության ուշադրությունն ուղղելն է։ Ուշադրություն է հրավիրվում նաև բևեռային սառույցների հալոցքի խնդրին, որն այս կենդանիների հնարավոր անհետացման հիմնական պատճառը կարող է դառնալ։ Սպիտակ արջերին սպառնացող մյուս վտանգն էլ նավթի վերամշակումն ու դրա հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումն է։
  • Վերջին տարիների տվյալների համաձայն՝ բևեռային արջը էվոլյուցիայի ճամփան բռնել է մոտավորապես 5 միլիոն տարի առաջ։ Նրա նախնին գորշ արջն է եղել։ Բևեռային արջերն իրենց լավ են զգում մինուս 45 և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը պահպանվում է երկշերտ մորթու ու ենթամաշկային ճարպի հաստ շերտի շնորհիվ։ Հասուն սպիտակ արջը 350-550 կգ կշիռ ունի։ Բևեռային արջերը 2 կամ 3 ձագ են ունենում։
  • 2008 թվականի մայիսին ԱՄՆ-ը բևեռային արջին ընդգրկել է Կարմիր գրքում՝ որպես անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի։ Կանադան ու Ռուսաստանը սպիտակ արջին ընդգրկել են «խոցելի խմբում»։

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը

  • Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
  • Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 12.03.2022, 04.03.2023, 24.02.2024, 15.03.2025, 28.02.2026, 20.02.2027, 11.03.2028, 24.02.2029, 16.03.2030

Կաթոլիկություն - Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

  • Հռոմի պապի հրամանագրով փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու օր։ Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
  • Դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 27

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon