Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 28

Տոներ 28.02.2021   09:30   56

Միջազգային

Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day) 

  • Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման EURORDIS եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ տարվա ամենահազվադեպ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day)։ Ոչ նահանջ տարիներին այն նշվում է փետրվարի 28-ին։
  • Այս օրն իրենից յուրատեսակ տեղեկատվական-լուսավորչական միջոցառում է ներկայացնում։ Նրա նպատակն է՝ հասարակության ուշադրությունն ուղղել հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրների վրա։
  • Հազվադեպ հիվանդություններ կան բժշկության բոլոր ոլորտներում։ Դրանց մոտ 80 տոկոսը գենետիկ բնույթ է կրում։ Մասնագետների գնահատականներով՝ աշխարհում մոտ 5-7 հազար կյանքի համար վտանգավոր հազվադեպ հիվանդություն կա։

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Անառակի կիրակին

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:
  • Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 13.03.2022, 05.03.2023, 25.02.2024, 16.03.2025, 01.03.2026, 21.02.2027, 12.03.2028, 25.02.2029, 17.03.2030.

Ազգային

Հայաստան - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը 

  • 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհուրդը 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում որոշում ընդունեց դիմել Ադրբեջանի, Հայաստանի և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու նպատակով:
  • ԽՍՀՄ-ում Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե համարժեք գնահատական չստացավ՝ որակվելով որպես սակավաթիվ «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» ելույթ: Հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման՝ Հայաստանում և ԽՍՀՄ-ի հայաշատ վայրերում կազմակերպվում էին բազմամարդ հանրահավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման արդար իրավունքի:
  • ԽՍՀՄ կենտրոնական մարմինները և ադրբեջանական իշխանությունները համոզվելով, որ քաղաքական միջոցներով անհնար է կասեցնել օրըստօրե ծավալվող ազգային շարժումը, որոշեցին, ի հեճուկս միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների, կոպտորեն ճնշել ժողովրդական շարժումը՝ կիրառելով բիրտ ուժ։
  • Ադրբեջանական իշխանությունները, ԽՍՀՄ ղեկավարության փաստացի թողտվությամբ և աջակցությամբ, 1988 թվականի փետրվարի 26-29-ին Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում բորբոքված զանգվածային հակահայկական ցույցերը վերածեցին հայերի զանգվածային ջարդերի:
  • Ադրբեջանական խուժանը, զինված մետաղյա ձողերով ու կացիններով, հայերին սպանում էր փողոցներում ու հրապարակներում, տանջամահ անում բնակարաններում, կենդանի այրում։ Միայն փետրվարի 29-ին էր, որ խորհրդային զորքերը մտան Սումգայիթ։
  • Սումգայիթյան սոսկալի արնահեղությունից հետո հակահայկական շարժումը լայն տարածում ստացավ նաև ադրբեջանական մյուս հայաշատ բնակավայրերում՝ Կիրովաբադում, Բաքվում, Շամխորում, Խանլարում, Մարահայում։ Ադրբեջանական իշխանությունը, հավատարիմ իր բիրտ ու անմարդկային քաղաքականությանը, սկսեց զանգվածաբար դատարկել հայաշատ բնակավայրերը՝ ստիպելով հայերին բռնի ճանապարհով հեռանալ Ադրբեջանից։ Բռնագաղթն ուղեկցվում էր համատարած թալանով, եղկելի ոճրագործություններով։
  • Արդյունքում՝ 1988 թվականի բռնագաղթից հետո Ադրբեջանի սահմանները լքեց շուրջ 200 հազար հայ՝ ապաստան գտնելով Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր վայրերում։
  • 1988 թվականի փետրվարյան դաժան իրադարձություններից անցել է ավելի քան 30 տարի, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ չի դատապարտել Սումգայիթյան ջարդերը և հայերի զանգվածային բռնագաղթը չի որակել որպես Ադրբեջանի՝ նախապես ծրագրված հայատյաց քաղաքականության արդյունք։
  • Հայաստանի Հանրապետությունը, դատապարտելով 1988 թվականի փետրվարյան դեպքերը, 2005 թվականի մայիսի 25-ին ընդունեց օրենք, որով փետրվարի 28-ը համարեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 28, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon