Ինչ պետք է հասկանան Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը


Երբ Ալեն Սիմոնյանը կարգվեց ԱԺ նախագահ, ինքը դադարեց լինել Ալեն Սիմոնյան։ Ինքն այլևս Ալեն Սիմոնյան է միայն իր տանը՝ իր հարազատների, իր բարեկամների ու մտերիմների համար։ Մնացած դեպքերում Ալեն Սիմոնյանը պետության ամենագլխավոր պաշտոնյաներից է։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, որպես պետական բարձրագույն պաշտոնյա, կախված է պետության բնականոն գործունեությունը, անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև  քաղաքացիների ապրելու իրավունքի երաշխավորությունը։ Շարքային Ալեն Սիմոնյանից նման ոչ մի բան կախված չէ։

Բայց Ալեն Սիմոնյանն իրեն նախ համարում է Ալեն Սիմոնյան, այսինքն իր շրջապատի համար շարքային Ալեն Սիմոնյան, հետո նոր պետական բարձրագույն պաշտոնյա։ Այդպես, Ալեն Սիմոնյանը պետական բարձրագույն պաշտոնը ստորադասում է շարքային Ալեն Սիմոնյանին։ Այսինքն, շարքային Ալեն Սիմոնյանը, ստանձնելով պետական բարձրագույն պաշտոն, չի հասկանում, որ շարքային Ալեն Սիմոնյանը չի կարող, իրավունք չունի իրեն վեր դասել պետությունից։ ԱԺ նախագահը շարքային մարդ չէ։ Պարզ ասած՝ մարդ է, որից կախված է հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը։ 

Բայց այս մտայնության մեջ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ է իր անձը վեր դասում իր զբաղեցրած պաշտոնից։ Այդպես էր նաև Փաշինյանից առաջ։ Այդպես էր հատկապես Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման օրոք. նախ իրենց անձն է, հետո նոր պետությունը։

Միակ բարձրագույն պաշտոնյան մեր նորօրյա պատմության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որի համար պետության ղեկավար լինելն ավելի բարձր էր, քան իր անձը։ Հաղթական տարիները «մութ ու ցուրտ» անվանելով Լևոն Տեր-Պետրոսյանի անձին չեն վարկաբեկում։ Վարկաբեկում են պետությունը, պետական երազանքի ձեռքբերումները։ Այն, որ տարածում են, թե «Լևոնը հաղթանակի հետ կապ չունի», դրանով ոչ թե Տեր-Պետրոսյանին են վարկաբեկում, այլ պետությանը, բանակին։ 

Մտածենք, թե ինչ ուժեր կարող են դրանում շահագրգռված լինել։

Պետությունն ստորադասող ոչ մի անձ, ոչ մի ուժ չի կարող պետության, քաղաքացիների և ժողովրդի շահերն սպասարկել։

Սիմոնյան Ալենին անձնապես չճանաչող մարդու «դավաճան» ռեպլիկն ուղղված չէր կարող լինել Ալեն Սիմոնյան անձին. այն ուղղվել է ԱԺ նախագահին։ ԱԺ նախագահը «մենթովսկի» գնացող «երևանցին» չէ։ Ուստի պետք է փոխվի ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը։

Արմեն Գևորգյան