Կալիֆոռնիայում հայերի բիզնեսներից մեկը կսահմանափակվի


Վերջին տարիներին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մեծ թափ հավաքեց մարիխուանայի աճեցման և վաճառքի լիցենզավորված բիզնեսը։ 

Կանաբիսի (մարիխուանա, կանեփ) շուկան ամենահեռանկարային է ԱՄՆ-ում։ Վերլուծաբանների կանխատեսումներով՝ մինչև 2030 թվականը այն կհասնի 100 մլրդ դոլարի։ Իսկ Global Market Insights-ի գնահատականներով արդեն 2025 թվականին միայն բժշկական մարիխուանայի շուկան կարող է գնահատվել 59 մլրդ դոլար:

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տասնամյակում ԱՄՆ արտագաղթած հայերի զգալի մասը ներգրավված է այս բիզնեսում։ Ընդ որում՝ դրա ստվերային հատվածում։ Հայերի կողմից, առանց համապատասխան լիցենզիաների գործող ընկերությունները աճում են սնկի պես։

Պետությունը դրանց անօրինական գործունեությունը կասեցնելու և կանխելու ուղղությամբ նախկինում բավականին լոյալ քաղաքականության փոխարեն որոշել է անցնել ավելի կտրուկ քայլերի։

Ըստ այդմ, խստացվել է օրենսդրությունը՝ հատկապես համապատասխան լիցենզիա ստանալու ընթացակարգերում, ինչպես նաև առանց դրա առկայության գործունեություն ծավալելու առումով։ Կալիֆոռնիայում համատարած ռեյդեր են մարիխունայի աճեցման ծպտյալ լաբորատորիաների հայտնաբերման ու կալանքի տակ առնելու ուղղությամբ։

Նշենք նաև, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ բավականի խոշոր վարկային միջոցներ էին հայթայթում՝ զբաղվելու այս եկամտաբեր բիզնեսով։ Ավելին, տարիներ շարունակ Հայաստանից ԱՄՆ միգրանտների մի ստվար զանգվածի տեղափոխումը նախատեսվում էր նրանց հենց այս բիզնեսում ներգրավվելու համար։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումների, Կալիֆոռնիայում կանաբիսի անօրինական տարածման գործերով առաջիկայում սպասվում են աղմկահարույց բացահայտումներ և ձերբակալություններ։





ԳՈՎԱԶԴ