Օրվա հոբելյարները. հունվարի 13


ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Թոմ Լոուրենս, ուելսցի ֆուտբոլիստ, հարձակվող
1988 - Տաթև Աբրահամյան, հայ շախմատիստուհի
1987 - Ռադոսլավ Վոյտաշեկ, լեհ շախմատիստ
1977 - Օրլանդո Բլում, անգլիացի դերասան
1923 - Խաչատուր Իսկանդարյան, քանդակագործ
1872 - Գեորգի Գյուրջիև, հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա 

  • Գեորգի Գյուրջիև - ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման «չորրորդ ուղու» մասին ուսմունքի հեղինակ: Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը գյումրեցի հայուհի։ Գյուրջիևը ողջ կյանքի ընթացքում իր աղջկան համառոտ բայց իմաստուն խորհուրդներ է տվել, որոնց համահավաքը ներկայացնում ենք ստորև՝
  • Ուշադրությունդ կենտրոնացրու ինքդ քեզ վրա:
  • Ցանկացած պահի գիտակցիր այն, ինչ մտածում, զգում, ցանկանում կամ անում ես:
  • Միշտ ավարտին հասցրու սկսածդ:
  • Ինչ որ անում ես՝ հնարավորինս լավ արա:
  • Մի կապվիր այն բանին, ինչն արդյունքում կարող է ավիրել քեզ:
  • Շռայլությունդ առանց վկաների ցուցաբերիր:
  • Ցանկացած մարդու վերաբերվիր ինչպես ամենամոտ բարեկամիդ:
  • Շտկիր փչացրածդ ամեն ինչը:
  • Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն մի պարգևի համար:
  • Ինքնապաշտպանական վարքդ զսպիր:
  • Մի խաբիր, մի գողացիր. այդպես վարվելով դու կխաբես ու կգողանաս ինքդ քեզնից:
  • Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց կախվածության մեջ մի գցիր:
  • Չափազանց շատ տարածք մի զբաղեցրու:
  • Մի աղմկիր ու ավելորդ ժեստեր մի արա:
  • Եթե դեռ հավատ չկա մեջդ՝ ձևացրու այն:
  • Ուժեղ անհատների ազդեցությունից հեշտորեն մի տպավորվիր:
  • Մի փորձիր պահպանել ոչինչ ու ոչոքի:
  • Արդար բաշխիր:
  • Մի գայթակղիր:
  • Կեր և խմիր այնքան, որքան պետք է:
  • Քո անձնական խնդիրներից մի խոսիր:
  • Մի դատիր և մի տարբերակիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը:
  • Անիմաստ ընկերություն մի արա:
  • Մի հետևիր ընդհանուր միտումներին:
  • Մի ծախիր քեզ:
  • Հարգիր քո ստորագրած համաձայնությունները:
  • Ճշտապահ եղիր:
  • Ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին մի նախանձիր:
  • Խոսիր միայն անհրաժեշտի մասին:
  • Մի մտածիր այն շահի մասին, որ կարող են բերել քեզ քո գործողությունները:
  • Մի սպառնա:
  • Պահիր խոստումներդ:
  • Վեճի մեջ քեզ միշտ ուրիշների տեղը դիր:
  • Խոստովանիր, երբ մեկը գերազանցում է քեզ:
  • Հաղթահարիր վախերդ:
  • Օգնիր ուրիշներին ունակ դառնալ ինքնօգնության:
  • Հաղթահարիր տհաճության զգացողությունդ և նրանց կողքին եղիր ում ուզում ես մերժել:
  • Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:
  • Չարությունդ փոխարինիր ստեղծագործականությամբ:
  • Ժլատությունդ փոխարինիր գեղեցկության պաշտանմունքով:
  • Նախանձդ փոխարինր ուրիշների արժանիքների հիացմունքով:
  • Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ:
  • Մի գովերգիր, բայց և մի վիրավորիր ինքդ քեզ:
  • Քեզ չպատկանող ամեն ինչի մասին հոգա, ինչպես քո սեփականի:
  • Մի փնթփնթա, մի բողոքվիր ինքդ քեզ:
  • Զարգացրու երևակայությունդ:
  • Ուրիշներին հրահանգներ մի տուր միայն հանուն ենթարկելու հաճույքի:
  • Վճարիր այն աշխատանքի և ծառայությունների համար, որ քեզ մատուցում են:
  • Մի քարոզիր քո աշխատանքն ու գաղափարները:
  • Մի փորձիր ուրիշների մեջ քո հանդեպ արթնացնել այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են՝ խղճահարությունը, համակրանքը, հիացմունքը, մեղսակցությունը:
  • Մի փորձիր առանձնանալ արտաքին տեսքով:
  • Երբեք մի ընդդիմացիր, ուղղակի լռություն պահպանիր:
  • Պարտքի տակ մի ընկիր, գնիր և վճարիր անմիջապես:
  • Հրապարակային վիրավորելով՝ հրապարակային ներողություն հայցիր:
  • Խոսակցության մեջ սխալդ նկատելով, մի պնդիր սեփական ճշմատացիությունը հանուն հպարտության և անմիջապես հրաժարվիր նախկին մտադրություններիցդ:
  • Մի պաշտպանիր նախկին գաղափարներդ միայն հանուն նրա, որ արդեն հայտարարել ես դրանք:
  • Մի պահիր անպետք իրերը:
  • Մի զարդարիր քեզ ուրիշի գաղափարներով:
  • Մի լուսանկարվիր հայտնիների հետ:
  • Ինքդ քո դատավորը եղիր:
  • Քեզ մի բնորոշիր նրանով, ինչ ունես:
  • Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում:
  • Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է Սատանան, ստիպիր, որ նա էլ մեդիտացիա անի:

Թարգմանությունը՝ Կարեն Անտաշյանի

1870 - Բոգուսլավ Ադամովիչ, լեհ արձակագիր, բանաստեղծ, նկարիչ (մ.1944)
1866 - Գասպար Մալլարյան, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ
1856 - Երվանդ Շահազիզ, հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ
410 - Մովսես Խորենացի, Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան 

Ոսկեդարի գրող-պատմիչ է, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր Մովսես Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, հունվարի 13-ին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թ հետո՝ հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։

Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։

Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ 
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։

Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։