Պատմության հայկական օրը. 16 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
  • Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-16, 2024-02-08, 2025-02-27, 2026-02-12, 2027-02-04, 2028-02-24, 2029-02-08, 2030-02-28:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) առցանց բանակցություններ են անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
2006 - ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվում փաստաբան Վահե Գրիգորյանը։ 

  • Վահե Գրիգորյանը մեղադրվում է խարդախության մեջ, սակայն որոշ իրավապաշտպաններն ու կազմակերպությունները կարծում են, որ նրան ձերբակալելու հիմնական պատճառը Բուզանդ փողոցի 4 ընտանիքների պաշտպանությունն է:

2006 - Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:
2000 - Հայաստանի քրդերը շարժվում են Ամերիկայի և Հունաստանի դեսպանատներ։ 

  • Հենց հույների աջակցությամբ է ձերբակալվել նրանց առաջնորդ Օջալանը։ 
  • Բողոքի գործողությունը համր էր և ավելին՝ փակ աչքերով։

1999 - Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց 18 քուրդ անժամկետ հացադուլ է սկսում ի պաշտպանություն վերջերս Քենիայի Հունաստանի դեսպանատանը թուրքական անվտանգության մարմինների ուժերով ձերբակալված Աբդուլահ Օջալանի։
1998 - ՀՀՇ-ն իր 10-րդ արտահերթ համագումարում որոշում է նախագահի առաջիկա ընտրություններում չառաջադրել և չպաշտպանել որևէ մեկի թեկնածությունը։ 

  • Փոքր-ինչ ուշացումով համագումարի աշխատանքներին է միանում նաև նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1998 - ԱԺՄ կուսակցության 9-րդ համագումարում նախագահի թեկնածու են առաջադրում Վազգեն Մանուկյանին: 

  • Նա մտադիր է Հայաստան վերադարձնել հեռացածներին:

1998 - Հայաստանում նավթ ու գազ են փնտրելու նպատակով Գառնիի տարածքում հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունն հորատման աշխատանքներ է սկսել։ 

  • Արդեն փորվել է 1235 մետր։ Պետք է փորվի ևս մեկ ու կես կիլոմետր, որից հետո պարզ կլինի՝ շարունակելն իմաստ ունի՞, թե՝ ոչ։ 
  • Եվս երկու կետ կհորատվի Արմավիրի մարզում։

1976 - ASALA. Բեյրութում սպանվեց Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղար Օքթար Ջիրիթին, երբ նա Խամրա Սթրիթի ընդունարանում էր։

  • Գրոհայինին հաջողվեց թաքնվել։
  • Գործողությունը ստանձնեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Անդրանիկ Փաշա Խմբակ»-ը։

1975 - Երևանում վրաերթի ենթարկվեց նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, նա հիվանդանոցում մահացավ։

  • «Անդառնալի կորուստ կրեց սովետական կերպարվեստը՝ ողբերգականորեն մեզնից հեռացավ Մինաս Ավետիսյանը։ Եվ տաղանդավոր նկարչի, սիրելի Մինասի արվեստը շատ բարձր գնահատող մարդիկ այսօր վերհիշում են նրա անցած ոչ երկար, բայց միշտ վերընթաց ուղին ցավի ու ափսոսանքի խորին զգացումով»,- գրել էր «Սովետական Հայաստանը» մեծ նկարչի մահվան առիթով։
  • «Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմնին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը։ Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո, մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո։

1921 - Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում» վրացական կառավարության դեմ ապստամբությունը հաղթեց:

  • Գոտու բոլոր գյուղերում ծածանվեց սովետական Հայաստանի դրոշը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Նարինե Դելալյան, հայ ջութակահար
1965 - Ռոբերտ Էմմիյան, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր 

  • Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։ 16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարիհի ռեկորդ է: 1986 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրղների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987)։ 9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, այնուհետև եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։ 1988 թվականի երկրաժաշրժից հետո Էմմիյանը տեղափոխվեց Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում։ Ունի երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը։

1959 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ
1919 - Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան, Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1875 - Հայկ Կանայան, վաստակավոր ակնաբան-վիրաբույժ




avatar