Պատմության հայկական օրը. 27 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը

  • Ն.Ս․Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1988 - Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։

  • 1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին, սպանվեցին, բռնաբարվեցին, տանջամահ արվեցին ու այրվեցին բազմաթիվ մարդիկ։ 
  • Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը: Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։
  • Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը։

1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը:
425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1959 - Վարդան Պետրոսյան, հայ դերասան, երգիծաբան
1937 - Ալբերտ Մկրտչյան (մ. 2018)ռեժիսոր, սցենարիստ, դերասան

  • Նկարահանել է «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խոշոր շահում», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը։

1918 - Ժիրայր Չուլոյան, հայ նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ
1916 - Միքայել Շաթիրյան, գրող
1912 - Ամալյա Արազյան, դերասանուհի
1910 - Հենրիկ Գասպարյան (մ. 1995), շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր
1905 - Բոգդան Գեմբարսկի, լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ)
1885 - Ռուբեն Սևակ, հայ գրող
1860 - Վարդգես Սուրենյանց, նկարիչ, ազգային պատմա-նկարչության հիմնադիրը
1845 - Գրիգոր Արծրունի, հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ

  • ... Անբարոյական մարդիկ, անհատներ ամեն ազգության մեջ կան, - բայց եթե գրեթե ամբողջ ազգը նախանձով է նայում այն մարդու վրա, որ հարստացել է ամենակեղտոտ միջոցներով, համարում է նրան առաջին մարդ, պաշտում է նրան, երկրպագում է նրան, ներում է նրան իր անցյալը, անվանում է նրան ազգի բարերար, այն պատճառով, որ այդ մարդը, ամենաաններելի միջոցներով հարստանալուց հետո, մի կողմից տոկոսով փողեր է տալիս օտար երկրում զետեղված խաբեբա ազգային վաճառականներին, մյուս կողմից կեղծավոր կերպով իրան ազգասեր է ձևացնում՝ գողացած փողից մի քանի ավելորդ կոպեկներ ազգային գործերի վրա նվիրելով,- այդ տեսակ ազգ, ցավելով պետք է ասենք, եթե չփոխե իր ընթացքը, կարող է ապագայի համար, որպես ազգային բարոյական միավոր, որպես մարդկության մի անհատ` կորած համարվել: (Գրիգոր Արծրունի, 1876թ.)