Պատմության հայկական օրը. 6 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն` կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը:
  • Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Ս. Պիոն քահանան: Հայտնի է, որ նա գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ:
  • Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագները: Ս. Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային: Ս. Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար:
  • Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Ս. Որմզդանան և պարսից իշխան Ս. Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին և նահատակվում իբրև նվիրյալ քրիստոնյաներ:
  • Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Ս. Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս նա ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով «Աբդլմսեհ» անունը, որը նշանակում է «ծառա Քրիստոսի»: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-06, 2024-02-05, 2025-02-24, 2026-02-09, 2027-02-01, 2028-02-21, 2029-02-05, 2030-02-25։

Ս. Ատոմյանց հիշատակության օր (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:
  • Այս տոնը  հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  06.02.2023, 29.01.2024, 17.02.2025, 02.02.2026, 25.01.2027, 15.02.2028, 29.01.2029, 18.02.2030:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը 
քննարկեցին Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները։
2005 - Աղմկահարույց սպանություններ. ՌԴ Սամարայի մարզում Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը:

  • Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել:
  • Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

1997 - Հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։
1995 - Մինսկի խմբի առաջին համանախագահները` Ռուսաստանն ու Շվեդիան հրադադարի ռեժիմը ամրապնդելու վերաբերյալ առաջարկների փաթեթ են մշակում, որն ուղարկում են երեք հասցեներով` Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևին և Ղարաբաղի առաջնորդ Ռ. Քոչարյանին:

  • Փաստաթուղթը նախատեսում էր հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել, կողմերի միջև ուղիղ շփումներ հաստատել` նպաստելով վստահության ամրապնդմանը: Ֆաքսով ուղարկված համաձայնագիրը ստորագրում են Ադրբեջանի ՊՆ Մ.Մամեդովը, Հայաստանի ՊՆ Ս.Սարգսյանը և Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանը: Համաձայնությունները, սակայն, այդպես էլ մնում են թղթի վրա:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1939 - Սիմոն Աչիկգյոզյան, արցախյան առաջին պատերազմի հերոս
1929 - Սարգիս Սողանալյան (ծնվ. Իսկանդերուն, Թուրքիա, մ. 2011), բարերար, գործարար, «Պան Էվիեյշն Քոմփանի»-ի նախագահը

  • Գյումրիի երկրաշարժից հետո նա օդային կամուրջ է ստեղծել Հայաստան սեփական «Բոինգներով», որոնք լի էին անհրաժեշտ ամեն ինչով։
  • 1990 թ. իր վրա է վերցրել Նյու Պորտ Բիչ քաղաքում հողամաս ձեռք բերելու և հայրենակիցների համար Եկեղեցու հետագա կառուցման ծախսերը։
  • «Մահվան վաճառականը» ֆիլմը նկարահանվել է Սարգիս Սողանալյանի պատմությամբ։

1923 - Լևոն Մարգարյան, հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
1923 - Բենուր Վարդանյան (ծնվ. Երևան), ավիացիոն շարժիչների փորձարկող

  • Որպես շարժիչներով առաջատար ինժեներ մասնակցել է գլխավոր կոնստրուկտորներ Պ. Սուխոյի, Ա. Միկոյանի, Ա. Տուպոլևի կառուցվածքների պետական, հատուկ և զինվորական փորձարկումներին:

1912 - Ժան Էլոյան (մ. 1984), դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
1895 - Սոֆյա Մելիք-Բուլյարովա (մ. 1978), խորհրդային դաշնակահարուհի, կոնցերտմայստեր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1892 - Ելենա Բեբուտովա (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1970), նկարիչ, գծանկարիչ, սցենարիստ

  • Մայրը երաժիշտ էր։  Նրան մանկուց շրջապատել է ինտելեկտուալ մթնոլորտը, որտեղ հարգել են ռուսական և հայկական մշակույթի ավանդույթները։



avatar