Պատմության հայկական օրը. ապրիլի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008 - Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նշանակման պահին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։
2006 - «Օրինաց երկիր» կուսակցությունն իր շարքերից հեռացնում է խմբակցության անդամ, SAS ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանին։
1992 - Իր տան մոտ սպանվեց ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ, 34-ամյա Ար­թուր Մկրտչ­յա­նը:
1928 - Երևանում բացվեց ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։

  • Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։

1920 -  Դրոյի հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետության բանակի զինվորական ստորաբաժանումը մտնում է Շուշի:

  • Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»:
  • Դրոն Ղարաբաղի հայ բնակչությանը կոչ է անում միավորվել և միասնական ջանքերով պաշտպանել հայրենիքը։ Նա կազմակերպել և միավորել է տարածաշրջանի ինքնապաշտպանական ջոկատները, զենքի կոչ է արել մոտ 3000 երիտասարդ տղամարդկանց, մշակել է ընդհանուր ռազմական գործողությունների ծրագիր: Նրա մասնակցությամբ վերականգնվեցին Ղարաբաղի Ազգային իշխանության մարմինները՝ կառավարիչների խորհուրդը։

1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։

  • 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժ­ա­մու­ժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։

1848 - Քանաքեռի իր բնակարանից Խաչատուր Աբովյանը դուրս էր եկել զբոսնելու և այլևս չվերադարձավ։ 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Արա Մինասյան (ծնվ. Գյումրի), շախմատիստ, գրոսմայստեր
1956 - Հարություն Քուշկյան (ծնվ. Երևան), բժիշկ, պետական գործիչ, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ (2011)
1933 - Յուրի Հովհաննիսյան (ծնվ. Դոնի Ռոստով), գիտնական, միջուկային ֆիզիկոս

  • Հովհաննիսյանի պատվին անվանվել է 118-րդ քիմիական տարրը՝ օգանեսոն։

1932 - Ջորջ Աղաջանյան (ծնվ. Բեյրութ), նեյրոֆարմակոլոգ, հոգեբույժ
1926 - Խաչատուր Ավետիսյան (ծնվ. Գյումրի), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)
1915 - Նինա Հովսեփյան (ծնվ. Բաքու, մ. 1977), հայ դերասանուհի, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1914 - Համո Սահյան (Հմայակ Գրիգորյան, ծնվ. Լոռ, մ. 1993), հայ բանաստեղծ

Այնպես ես գալիս, այնպես գնում, 
Ով դու արարող և ավերիչ, 
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ: 
     
Գալիս ես որպես իրարանցում, 
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, -
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: 

1907 - Վիլյամ Հայկազյան (մ. 1963), ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
1906 - Գարեգին Ասլանյան (ծնվ. Վան, մ. 1985), օպերատոր-կինովավերագրող
1882 - Նադեժդա Կարդյան (մ. 1957), հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ
1876 - Մեսրոպ Մաքսուդյան (ծնվ. Ակն, մ. 1918), վարդապետ