Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 13


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ըստ ավանդության՝ Դիոնիսիոս Արիսպագացին Պողոս առաքյալի աշակերտն (Գործք 17:34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսն է եղել: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում, Ս. Պողոս առաքյալի քարոզը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարման ու Ս. Աստվածածնի Վերափոխման: Ս. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (Ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր:
  • Ս. Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, ում հաճախ առաքյալն իր թղթերում «սիրելի որդի»  է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Երբ Ս. Պողոս առաքյալը բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին և դառնում առաքյալի ուղեկիցը: Ս. Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս: Տիմոթեոսին են ուղղված Ս. Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում:
  • Ս. Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Ս. Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը, տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-13, 2023-10-19, 2024-10-17, 2025-10-16, 2026-10-15, 2027-10-14, 2028-10-19, 2029-10-18, 2030-10-17:

Մեծ Հայքի Լուսավորիչ Գրիգոր եպիսկոպոսի հիշատակության օրը (Ուղղափառ եկեղեցի)

  • 276-ին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գնացել է Հռոմեական կայսրություն։ 287-ին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպել։ Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտ. արարողություններից), հրամայել է մասնակցել պաշտամունքին և երկրպագություն մատուցել Անահիտի մեհյանում։ Գրիգոր Պարթևը մերժել է, և Տրդատ Գ, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմնական սկզբնաղբյուրն է, նրան ենթարկել է չարչարանքների՝ հուսալով, որ նա տեղի կտա և կուրանա Քրիստոսին։ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների վայրում կառուցվել է ցայսօր կանգուն Չարչարանց Ս. Լուսավորիչ վանքը (Երզնկայից հարավ, Մեղուցիկ գ. մոտ, լեռան ստորոտին)։ Այդ խոշտանգումները (12 չարչարանքներ) հետևյալ կերպ է նկարագրում Ագաթանգեղոսը.
    ա. Ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին։
    բ. Մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին և դալար բրերով ծեծեցին։
    գ. Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին։
    դ. Ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին։
    ե. Գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին։
    զ. Գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ և բորակ փչեցին։
    է. Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին։
    ը. Գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին։
    թ. Կողերը երկաթե ճանկերով քերեցին։
    ժ. Երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին։
    ժա. Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին։
    ժբ. Հալած կապարով մարմինը այրեցին։
  • Ըստ ավանդության, Խոր վիրապում Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 25 տարի։ Նրա վիրապային կյանքը հրաշք է, և այդտեղ կենդանի մնալը աստվածային սքանչելիների մի հատուկ նշան է համարվում։ Աստվածային գթությամբ մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը, և մի հրեշտակ ամենօրյա այցելություններով քաջալերել է Գրիգորին։

Հռիփսիմեի, Գայանեի և նրանց հետ 35 սուրբ կույսերի հիշատակը (Ուղղափառ եկեղեցի)

  • Ըստ ավանդ. պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Մեծ Հայք և զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից։ Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար։ Հռիփսիմեի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Բելգիայի ֆլամանական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև ընդունեց։
2018 - Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
2018 - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող Օլիմիպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 
2016 - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն օրակարգում է և Ռուսաստանն իրենց հետ կիսում է այդ ջանքերը: 

  • Հայաստանի իշխանությունները խուսափեցին պատասխանել Չավուշօղլուի պայտարարությանը։

2014 -  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ մադիդյան սկզբունքներին Արցախում վերապահումով են վերաբերվում:
2014 - Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ժամանել էր Արցախ՝ զինադադարի հաստատման 20-ամյակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացառիկ համերգ տալու:
2012 - Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։
2004 - Անդրադառնալով վերջերս արդարադատության նախարարության կողմից «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ կառավարությունը շարունակելու է օրենքի շրջանակներում պայքարել վտանգավոր աղանդների դեմ:
2000 - Ղարաբաղի Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր հեռուստամարաթոն է ձեռնարկում այդպես էլ չհավաքելով նախորդ տարվա հեռուստամարաթոնին խոստացված 5 միլիոն դոլարը։
1997 - Հայաստանում գտնվող ԱՄՆ Նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլի դեղատոմսով հայաստանում կյանքը կլավանա, եթե ամերիկահայ մեկ ընտանիքը հովանավորի հայաստանյան մեկ ընտանիքի։ 
1992 - ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ ջանքերով ստեղծվեց Արցախի պետական համալսարանը: 

  • Բացումը տեղի ունեցավ 1993թ. մայիսի 10-ին` Շուշիի ազատագրման տարելիցի հաջորդ օրը:

1984 - Երևանում պաշտոնապես բացվեց Մարզահամերգային համալիրը։

  • Մարզահամերգային համալիրի ճարտարապետներն են Կորյուն Հակոբյանը, Արթուր Թարխանյանը, Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գևորգ Մուշեղյանը։ 
  • Համալիրը համարվում էր ժողովրդական կառույց։

1921 - Կնքվեց Ղարսի բարեկամության պայմանագիրը՝ մի կողմից հայկական, ադրբեջանական և վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև, մյուս կողմից՝ ՌԽՖՍՀ-ի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Լեոնարդ Պետրոսյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ, 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհերից
1946 - Լևոն Անանյան, գրող, թարգմանիչ
1937 - Լորիս Ճգնավորյան (ծնվ. Բրուջերտ, Իրան), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր

  • Պարգևներն են. Ոսկե մեդալ՝ գեղարվեստական նվաճումների համար (Ավստրիա), 1-ին կարգի Պատվո Խաչ՝ գիտության և արվեստի համար (Ավստրիա), Ռումինական եկեղեցու Ոսկե խաչ, «Արվեստի բարձրագույն մեդալ»՝ կատարողական արվեստի համար (Իրանի բարձրագույն պարգևը), «Մովսես Խորենացի» մեդալ (ՀՀ), «Ոսկե Քնարի» մրցանակակիր՝ 15-րդ և 16-րդ «Ֆաջր» երաժշտական փառատոնում (Թեհրան):

1925 - Էդվարդ Արաբ-օղլի (ծնվ. Թիֆլիս, մ. 2001), փիլիսոփա, սոցիոլոգ, ժողովրդագիր, գիտության գեղարվեստական հետազոտող

  • Հայրը հայ է, մայրը՝ ռուս։

1903 - Արամ Քոչարյան, երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)
1803 - Ռաֆել Գաձևիչ (ծնվ. Զամչ, մ. 1883), հայկական արմատներով լեհ նկարիչ, մանկավարժ