Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Ս. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նա նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո՝ Պանդալեոնին:
  • Ս. Եվպրաքսիան (381-411) Կ.Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք, առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին իրեն երկրավոր հարսնությունից ազատել: Կայսրը կատարել է նրա խնդրանքը, և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող սուրբ կույս Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` մոր կողքին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-06, 2023-10-12, 2024-10-10, 2025-10-09, 2026-10-08, 2027-10-07, 2028-10-12,  2029-10-11, 2030-10-10։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 -Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում ընդունեց։
2015 - ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չստացավ ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հանդես չեկան դատապարտող հայտարարություններով:
2013 - Երևանում կազմակերպվեց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների մեծարման արարողության առաջին փուլը, որն ավարտվեց հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսված միջոցառմամբ:
2009 - «Միացում» ազգային նախաձեռնությունը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ փորձում է այրել հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնած Սերժ Սարգսյանի լուսանկարը։ 
2001 - Հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հավաքվել է հասկանալու, թե նախաքննության ընթացքում ինչպե՞ս և ինչու՞ է իր խցում էլեկտրահարումից մահացել այս գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը։ 

  • Մի քանի օր առաջ ընդդիմությունը եղել է հանգուցյալի խցում և համոզվել՝ ինչ-որ բան այն չէ։

1998 - ԱԺ-ում պատգամավոր Վանո Սիրադեղյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է ցրել Ազգային Ժողովը, քանի որ այնտեղ քաղաքական հենարան չունի։ 

  • Մինչ այդ իշխանությունը խորհրդարանին հաղորդում է հանցագործների խմբի իմիջ, որպեսզի կարողանա ցրել այն։ 
  • Սիրադեղյանը համոզված է, որ «նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքերով  ասած սուպերնախարար Վազգեն Սարգսյանից կամուֆլյաժը կմնա, քանի որ նա կզրկվի նաև պառլամենտի հենարանից, ինչն արդեն նկատվում է»։ 

1997 - Հայաստանի տարածքում առաջին անգամ շուրջօրյա հեռարձակում սկսեց «Ա1+» հեռուստաընկերությունը։
1997 - Ազգային Ժողովն ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որով 3500 դոլար տուգանք է նախատեսվում այն դպրոցների կամ ուսուցիչների համար, որոնք իրենց առարկան կդասավանդեն օտար լեզվով։ 

  • Այս օրենքով Հայաստանի տարածքում հայերեն կրթությունը դառնում է պարտադիր։

1980 - ASALA. Երկու «Կոկտեյլ Մոլոտովա» շշեր են նետվում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի վրա։ 

  • Հրդեհի արդյունքում վիրավորվում է հյուպատոս Քեմալ Արիքանը, պատճառվում է նյութական վնաս։ 
  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմատնօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։

1940 - Բացվեց Երևանի բուսաբանական այգին։
Մթա 69 - Տիգրանակերտի ճակատամարտը. Լուկուլլոսի զորքը հաղթում է Տիգրան Մեծի գլխավորած հայոց բանակին։

  • Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել էր երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժեց Հայաստան և պաշարեց Տիգրանակերտը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Լևոն Արոնյան, հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, շախմատի Աշխարհի գավաթակիր (2005), 37-րդ շախմատային օլիմպիադայի չեմպիոն (Թուրին, 2006), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն (2010)

  • Արոնյանը համարվում է ամենապայծառ և ինքնատիպ ժամանակակից խաղացողներից մեկը, ուժեղ է նախաձեռնող դիրքերում և ուժեղ է խաղում էնդշպիլը։ Արագ խաղի, բլիցի և Ֆիշերի շախմատի ճանաչված վարպետ է։

1981 - Վյաչեսլավ Մանուչարով (ծնվ. Մոսկվա), թատրոնի և կինոյի դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1979 - Արթուր Չիբուխչյան, շախմատիստ, գրոսմայստեր
1973 - Արմեն Մկրտչյան, ազատ ոճի հայ ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ
1959 - Բեկոր Աշոտ, ազատամարտիկ, Արցախի հերոս
1935 - Ռոլան Մարտիրոսով (Ռոլանդ Մարտիրոսյան, ծնվ. Մոսկվա, մ. 2020), ավիակոնստրուկտո, ՌԴ Աշխատանքի Հերոս

  • «Ռուսական հրաշքի», «21-րդ դարի ինքնաթիռի»՝ Սու-34-ի գլխավոր կոնստրուկտորը և նախագծի ղեկավարը։

1900 - Մարտին Վարդանյան, հայ խորհրդային քիմիկոս
1875 - Նիկոլայ Բաև (Նիկողայոս Բաև, ծնվ. Աստրախան, մ. 1952), հայկական արմատներով խորհրդային ճարտարապետ (1952)


ԳՈՎԱԶԴ

биржа трафика