Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 9

 Հայեր  09/10/2021   10:00    140
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 9

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը

  • Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի, Ֆրանսիայի, ՌԴ և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ, որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:

Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և  տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:  Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: 
  • Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Սուրբ Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր Սուրբ Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Սուրբ Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»):
  • Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Սուրբ Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտության գաղափարը: Այս աստվածատուր նվերից հետո Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-08, 2023-10-14, 2024-10-12, 2025-10-11, 2026-10-10, 2027-10-09, 2028-10-14, 2029-10-13, 2030-10-12:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը դարձավ Թբիլիսիում ընթացող վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն։
2019 - Բրիտանական BBC-ն անդրադարձավ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին և շեշտեց, որ Հայաստանում Քարդաշյանը հայտնել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրման մասին։

  • Քարդաշյանը Հայաստանում՝ Էջմիածնում, մկրտել է երեք երեխաներին՝ նրանց մկրտելուց տալով հայկական անուններ՝ Վարդան, Գրիգոր, Աշխեն։

2018 - ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարեց, որ հոգեհարազատ են մնում իրենց որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին, ուստի դեմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:
2018 - Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
2017 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ քննարկել է ՀՀ նախագահի հետ հանդիպման հետ կապված հարցեր, սակայն հանդիպման օրվա կամ  վայրի մասին տեղեկություններ դեռ չկան:

  • «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- նշել է նա:

2017 - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Դոն Կոոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտի հրաժարականը համարեց ընդամենը առաջինը քայլը՝ ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու համար, 

  • Զոհրաբյանը նաև կոչ արեց պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Ադրբեջանին վաճառել Ռամիլ Սաֆարովին։

2016 - Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ: 

  • Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ:

2015 - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց` փաստեր կան, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին:
2015 - Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ 

  • Բացմանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենան։

2014 - Տեղի ունեցավ «Սուպեր մամա» ֆիլմի առաջին ցուցադրությունը։

  • Դերասան, այժմ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրեռեց. «Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում»։

2013 - Վերաքննիչ դատարանում շարունակվող ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատական նիստի ընթացքում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներմամբ ազատ արձակվելուց։ 

  • Իր որոշումը Առաքելյանը հիմնավորեց նրանով, որ իրեն անօրինական են պահում կալանքի տակ. «Այսպես թե այնպես, որոշ ժամանակ հետո ես հասնելու եմ արդարության և դուրս եմ գալու»։ 

2013 - Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերին։ 

  • ՀՀ-ն դառնում է 10-րդ երկիրը, որը Եվրամիության հետ կունենա վիզային դյուրացված ռեժիմ։

2012 - ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք  Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: 
2012 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պետք է 6000 եվրո վճարի Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին` նրա ազատության և անձնական կյանքի իրավունքները խախտելու համար: 

  • Սէֆիլյանը շուրջ 8 ամիս մնացել էր նախնական կալանքի տակ, ինչը բավարար չափով պատճառաբանված չէր եղել, իսկ նրա անձնական կյանքին իրավապահները միջամտել էին գաղտնալսելու միջոցով: Սէֆիլյանը ձերբակալվել էր 2006-ի դեկտեմբերին` սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մեկուկես տարի անցկացրել ազատազրկման մեջ:  
  • Ժ. Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը նշել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով կատարված այդ ձերբակալությունը և քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել են «խայտառակ խախտումներով»:

2009 - Հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանն ու Ի. Ալիևը հանդիպում են Քիշնևում. Բաքուն հայտարարում է` բանակցությունները կառուցողական չեն եղել:

  • «Հայկական կողմը հանկարծ սկսեց հարցեր բարձրացնել, որոնք համաձայնեցվել էին դեռեւս երկու-երեք տարի առաջ», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը, հավելելով. «Մենք ընդունում ենք սկզբունքը, որի համաձայն, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել` չի համաձայնեցվել ոչինչ, սակայն անհնար է առաջ շարժվել, երբ ստիպված ես վերադառնալ եւ քննարկել հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռ տարիներ առաջ»։ Ադրբեջանը պնդում էր, թե հայկական կողմի այդ դիրքորոշումը պայմանավորված է տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումներով, մասնավորապես, հայ-թուրքական հնարավոր հաշտեցմամբ:

2009 - Դաշնակցությունը՝ հաջորդ օրն սպասվող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակով, քաղաքի կենտրոնում երթ է կազմակերպում։

  • «Ոչ մի զիջում»,- երթի ժամանակ բղավում են դաշնակցականները։

2001 - Ազգային Ժողովում քննարկում են 2000-ի ապրիլի 4-ից Հայաստանից բացակայող պատգամավոր Վանո Սիրադեղյանի հարցը։ 

  • Նա չի մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին և կարող է զրկվել պատգամավորական մանդատից անհարգելի բացակայության համար։ Ի դեպ, նույն օրը խորհրդարանը քվարկությամբ հարգելի համարեց Վանո Սիրադեղյանի բացակայությունները և նրան չզրկեց պատգամավորական մանդատից։

2001 - Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ նիստերից ոչ մեկում չի քննարկվել և չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի հարցը։

  • Այդ հարաբերությունները վերաբերվում են միայն Հայաստանին և Թուրքիային և երկու պետությունների ժողովուրդներին, սփյուռքը և երրորդ երկրների խնդիրներն այս հանձնաժողովի հետ կապ չունեն։

2000 - Կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարող պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանն ընդունում է, որ մասնաբաժին ունի «Սաս» սուպերմարկետների ցանցում։
1998 - ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը գովազդում է ՀՀՇ գրասենյակում բացված սրճարան-ակումբի պայմանները։ 

  • Նա սակայն զգուշացնում է՝ սա բարեգործական սրճարան չէ։ Այստեղ մարդիկ կարող են համտեսել «Վարչապետ» կոչվող մսի ասորտին, «Ձեռներեց» քամած մածունը, «Կարեն Սերոբիչ» խորտիկը։

1998 - Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, դաշնակցական Վահան Հովհաննիսյան ասում է, որ այսօրվա խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնել իշխանությանը, քանի որ չգիտի էլ, թե ինչ է իմպիչմենտը։ 

  • Պարոն Հովհաննիսյանը դեմ չէ, որ Քոչարյանը ցրի այդ խորհրդարանը:

1996 - Ֆրանսիայի արտգործնախարար Էրվե դե Շարեթն հայաստանյան իր ուղևորության շրջանակներում հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և վարչապետ Հրանտ Բագրատյանին։ 

  • Հայ լրագրողներին նա վստահեցնում է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններին չի կարող խանգարել նույնիսկ իշխանափոխությունը։

1995 - Ֆինլանդիայի և Ռուսաստանի առաջնորդությամբ նոր հանդիպում` Ալանդյան կղզիներում:

  • Բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը: Ֆինլանդիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նրանք նշվում են որպես հակամարտության կողմեր:

1994 - Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Ախսարբեկ Գալազովի հրավերով Վլադիկավկազ մեկնեց ԼՂՀ պատվիրակությունը ' Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ:
1990 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան «Հայաստանի Հանրապետություն» թերթում պատասխանեց օրվա «այն ամենաէական, սկզբունքային խնդիրը, որի առնչությամբ Դուք կդիմեիք ողջ հայ ժողովրդին» հարցին։

  • Այսօր, երբ Հայաստանում ստեղծվել է մի իշխանություն, որն իսկապես ժողովրդի ընտրած իշխանությունն է և չի ենթարկվում Կենտրոնի թելադրանքներին, արդեն իրական պայմաններ են ստեղծված ազգային համերաշխության համար։ Համերաշխությունը, ներդաշնակությունը չեն ստեղծվում որևէ կուսակցության, որևէ իշխանության թելադրանքով կամ բարոյական ու դասակարգային հորդորներով։ Համերաշխություն ու ներդաշնակություն հնարավոր է միայն գաղափարի շուրջ։ Այսօր այդպիսի ՄԵԿ գաղափար կա։ Դա Հայոց պետականության գաղափարն է։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ համախմբվել պետականության գաղափարի, դրա մարմնավորումը հանդիսացող Հայաստանի խորհրդարանի շուրջ։ Սա է հայ ժողովրդի համախմբման միակ իրատեսական հիմքն այսօր։
    Հայոց պետականության գաղափարը ոչ միայն Հայաստանում բնակվող հայության, այլև Սփյուռքը միավորող գաղափար պետք է դառնա»- պատասխանեց
     Լևոն Տեր-Պետրոսյանը։

1980 - ASALA. Պայթյուն Բեյրութում շվեյցարական «Սուիս Էյր» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ 

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։

1829 - Արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը։

  • Պրոֆեսորի խնդրանքով էր կաթողիկոսը թույլ տվել Աբովյանին մասնակցել այդ գիտական արշավին որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորություն։

ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Անի Ամիրաղյան, հայ թենիսիստուհի
1984 - Վիկտորիա Անանյան, բալետի արտիստուհի

  • Վիկտորիան բալետմայստեր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է (1913-1979)։

1979 - Մաքսին Եվադյան (ծնվ. Ֆրեժյուս, Ֆրանսիա), պատմաբան հայագետ, հայկական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի անդամ (Ժնև)
1960 - Ալեքսեյ Ագոպյան (ծնվ. Օդեսա, Ուկրաինա), դերասան

  • 1990-ին Յուրի Ամաչկովսկու հետ ստեղծել է «Քաղցր կյանք» դուետը, որն ինքնուրույն գոյություն է ունեցել մինչև 1992 թվականը, որից հետո անդամակցել է «Маски» կատակերգական թատերախումբ։

1954 - Թամար Հովհաննիսյան, հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ
1947 - Կոմիտաս Գևորգյան, երաժշտագետ, դիրիժոր
1941 - Ջոն Բերբերյան (ծնվ. Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ, ուդի վիրտուոզ

  • Ջոնի հայրը երաժշտական գործիքների վարպետ էր, և նրա տան դռները չէին փակվում հայկական, թուրքական, արաբական և հունական ժողովրդական երաժշտության կատարողների համար։ Բացի այդ, նա կատարելապես տիրապետում էր ուդի տեխնիկային և մասնագիտական վարպետությունը փոխանցել է որդուն։
  • Ներկայումս Ջոն Բերբերյանն անվիճելի հեղինակություն է «Համաշխարհային երաժշտության» ոլորտում և վիրտուոզ երաժիշտ, ում շնորհվել է «Ուդի» պատվավոր տիտղոսը:

1936 - Էդմոնդ Քեոսայան (մ. 1994), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)

  • «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը Բրիտանական կինոյի ակադեմիայի կողմից ճանաչվել է «1975 թվականի լավագույն ֆիլմը»:

1932 - Սեդա Վերմիշևա, գրող, հասարակական գործիչ

  • Պապը՝ Քրիստափոր Վերմիշևը, հասարակական գործիչ է, Պարենային մատակարարման նախարարը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունում։
  • Տատը՝ Վարվառա Ալեքսանդրովնան՝ ծնունդով՝ իշխանուհի Արգուտինսկայա-Դոլգորուկայան, դարձել է Կովկասում ձեռքի աշխատանքի առաջին մանկական դասերի կազմակերպիչն ու դասախոսը:

1922 - Վահե Օշական (ծնվ. Բուլղարիա, մ. 2000), գրող, արձակագիր

  • Նշանավոր գրող և քննադատ Հակոբ Օշականի որդին է։

1907 - Ռիչարդ Սողոմոնյան (մ. 1981), ԽՍՀՄ ատոմային արդյունաբերության առաջին կազմակերպիչներից
1904 - Ստանիսլավ Դոնիգևիչ (ծնվ. Չեռնովցի, մ. 1980), հասարակական գործիչ, հայագետ

  • Մարդիկ, ովքեր հիշում են Ստանիսլավ Դոնիգևիչին, նշում են, որ նա եղել է հայկական քայլող հանրագիտարան և լեհահայերի պատմության փորձագետ,  միևնույն ժամանակ չափազանց սրտառուչ ու բարեհամբույր մարդ։ Նա հիանալի ծանոթ էր Կուկի, Լվովի և Բուկովիայի հայերի ծագումնաբանությանը։
  • Նա իր կյանքի գլխավոր նպատակը դարձրել հայերին ծառայելըը։ Դժվար է թերագնահատել նրա ներդրումը Լեհաստանում հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործում։

1894 - Հակոբ Առաքելյան (մ. 1977), նկարիչ-դիմահարդար, արվեստի և բանահյուսության շքանշանակիր (1975)

  • Մեծն Արշավիր Շահխաթունու աշակերտն էի իսկ նրա աշակերտներից էր Չառլի Խուբեսերյանը։
  • Ժ.Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» (1946) ֆիլմում գլխավոր դերակատար Ժան Մարեի Հրեշի դիմակի հեղինակն է: Ստեղծել է Բրիջիթ Բարդոյի կերպարը «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում։

1877 - Կոնստանտին Սարաջև (Կոնստանտին Սարաջյան, ծնվ. 1988թ. Դերբենտ, Դաղստան, մ. 1954), դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • Երկրի առաջին ժողովրդական կոնսերվատորիայի հիմնադիրներից մեկը (Մոսկվայի Ժողովրդական համալսարաններին կից ժողովրդական կոնսերվատորիա):
  • Սիմֆոնիկ դիրիժորության Հայրենական դպրոցի հիմնադիրն է։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 0