Պատմության հայկական օրը. հուլիսի 10


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
  • Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-10, 2023-07-02, 2024-06-23, 2025-07-13, 2026-06-28, 2027-06-20, 2028-07-09, 2029-06-24, 2030-07-14։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Ստեփանակերտը հայտարարում է, թե բանակը կասեցրել է ադրբեջանական դիվերսոն խմբի ներթափանցման ևս մեկ փորձ: Ավելի ուշ ձերբակալվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը` երկու մարդու սպանելու մեղադրանքով։

  • Երեք ադրբեջանցիները, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, առևանգել և սպանել էին Քարվաճառի 17 ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին , 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին , ծանր վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին: Խմբի անդամներից մեկը , ըստ իրավապահների, դիմադրություն էր ցույց տվել և սպանվել ձերբակալության ժամանակ: Մյուս երկուսին Ղարաբաղի դատարանը տարեվերջին մեղավոր ճանաչեց լրտեսության, սահմանն ապօրինի հատելու , մարդուն բացահայտ առևանգելու և սպանելու համար: Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

2009 - Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածում` գաղտնազերծելով կարգավորման հիմնարար սկզբունքների հիմնադրույթները։

  • «Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,֊փաստում էր «Մեծ ութնյակի» գագաթաժողովում նախագահներ Օբամայի, Պուտինի և Սարկոզիի տարածած հայտարարությունը,մանրամասնելով.
  • Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.
  1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;
  2. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;
  3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;
  5. ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;
  6. անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
  • Միջնորդ երկրների արտգործնախարարները միաժամանակ Մինսկի խմբին հանձնարարել էին մշակել այս առաջարկների լրամշակված տարբերակը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էլ հորդորել էին լուծել «իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները»:

2009 - Ազգային ժողովում պատգամավորները քարը քարի վրա չեն թողնում Արժույթի Միջազգային հիմնադրամի մոտ 203 միլիոն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը։

  • Չնայած դրան, օրենքը վավերացվում է։ 

2005 - Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում ու Ադրբեջանում հայտարարում են` բանակցություններում «զգալի առաջընթաց կա»։

  • «Կողմերը եկել-հասել են այնպիսի սահմանի, որ մենք արդեն աշխատում ենք ձևակերպումների վրա»,- Երևանում հայտարարում է միջնորդական խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, վերահաստատելով` միջնորդներն աշխատում են ձեւակերպել «ապագա կարգավորման հիմնական սկզբունքները»:

2003 - ԿԸՀ նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանի նշանակած երեք անդամներից մեկը՝ Գարեգին Ազարյանը։
2000 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

  • Հայաստանն, ըստ նրա, ընդունել է Բաքու-Մեղրի-Նախիջևան երկաթգծի գործարկման Եվրամիության առաջարկը, ինչը Ադրբեջանը մերժել է: 
  • Օսկանյանն առաջին անգամ հայտարարում է, որ շրջափակված Հայաստանը կարող է 2001-ին տնտեսական բեկում կատարել չնայած այլ երկրների բողոքներին, որ մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշները բարձր են։ 
  • Հետագայում արտգործնախարարը կասի, որ Հայաստանը տնտեսության մեջ վագրի թռիչքներ է արձանագրում։

1998 - Երևանում կոմունիստները դեռ 100-րդ օրը չլրացած նախագահող Ռոբերտ Քոչարյանից արդեն ուզում են ազատվել։

  • Կոմունիստներն ասում են Քոչարյանը վաճառում է ամբողջ երկիրը և մեր ազգային արժեքը՝ կոնյակը։ Դա մնալու է նրա կոկորդում։

1993 - Ադրբեջանական օդուժը և մարտական տեխնիկան ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի պաշտպանական դիրքերը։ 

  • Ռմբակոծության տակ է նաև Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը։ 
  • Հայերն սկսում են վճռական հակահարձակումը, որը հաջողությամբ ավարտում են հուլիսի 24-ին:  

1991 - Հայաստանի գործող քաղաքական 6 կուսակցություն կոչով դիմե­ցին բնակչությանը՝ միասնական «Այո՛» ասելու անկախությանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Արարատ Քեշչյան (ծնվ. Գագրա), ռուս դերասան, ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈՒՀԱ թիմի անդամ
1975 - Արմեն Մերաբով (ծնվ. Մոսկվա, մ. 2019), կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող
1969 - Ալեքսանդրա Հեդիսըն (ծնվ. Լոս Անջելես), ամերիկահայ լուսանկարիչ, ռեժիսոր և դերասանուհի

  • Բրիջեթի (Մորի) և դերասան Դևիդ Հեդիսընի դուստրը:

1967 - Ժիրայր Սեֆիլյան (ծնվ. Բեյրութ), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ, Ղարաբաղյան պատերազմի հերոս
1957 - Լևոն Ուզունյան, թատրոնի և կինոյի ռեժիսոր
1953 - Փոլ (Փոլ Բաղդադլյան, ծնվ. Հալեպ, մ. 2011), երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
1949 - Դոն Ասկարյան (ծնվ. Ստեպանոկերտ), ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1947 - Վահագն Մուղնեցյան (ծնվ. Կիրովական), բանաստեղծ, արձակագիր
1945 - Ժիրայր Լիպարիտյան (ծնվ. Բեյրութ), ամերիկահայ պատմաբան, Հայաստանի նախագահի քաղաքական վերլուծության հարցերով խորհրդական (1991-1994)
1930 - Զադիգ Մկրտիչ Մուրադյան (ծնվ. Երևան), աստղագետ

  • Աշխատում է Փարիզի աստղադիտարանում, տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում։

1908 - Գուրգեն Մեծատուրյան (ծնվ. Փարիզ, մ. 1996), Ֆրանսիայում հիմնված հայկական սկաուտական շարժման հիմնադիրը
1907 - Գոհար Համբարձումյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), Հայաստանի առաջին կին մաթեմատիկոսը, գիտության վաստակավոր գործիչ (1967)
1870 - Վարդան Հացունի (ծնվ. Պարտիզակ, Թուրքիա, մ. 1944), հայ բանասեր, ազգագրագետ, հայ ժողովրդի հնագույն կենցաղի և սովորույթների հետազոտող, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ