Պատմության հայկական օրը. հուլիսի 6


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ամենօրյա ճեպազրույցում  արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

  • «Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը: 
  • Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:

2009 - Հայտնի է դառնում, որ նախորդ օրը ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որին ձերբակալության պահին դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները, մեղադրվում է ոստիկաններին ծեծելու մեջ։ 

  • Որպես տուժող ոստիկան հանդես է գալիս մարտի 1-ի գործով նմանատիպ ցուցմունքներ տված Էրիկ Պողոսյանը։

2006 - Համանախագահները համատեղ հայտարարություն են հրապարակում` բացահայտելով կարգավորման առաջարկների որոշ մանրամասներ։

  • Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Սկզբունքները հիմնված են Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի վերադիրքավորման վրա` հատուկ պայմաններ նախատեսելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների համար (ներառյալ ՀՀ-ն և ԼՂ-ն միացնող միջանցքը), այդ տարածքների ապառազմականացման ու հանրաքվեի կամ քվեարկության անցկացման վրա՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Քվեարկության ամսաթիվն ու պայմանները պետք է որոշվեն հետագա բանակցությունների ընթացքում»:
  • «Չնայած ձախողումներին` մենք շարունակում ենք հավատալ, որ 2006֊ը կարող է դառնալ էական առաջընթացի տարի»,֊հայտարարել էին միջնորդները`կոչ անելով երկու երկրների ղեկավարներին իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, ոչ թե`պատերազմի

2004 - Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին է վերադարձնում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին։ 

  • Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում։ «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների»,- ասում է տիկին Սիլվան: Ներման, քաղաքացիության պարգևների և կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը ասում է, որ շքանշանը փաստորեն չի վերադարձվել, որովհետև չկա վկայականը, նախագահի հրամանագիրը՝ այսինքն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ այդ շքանշանը շնորհվել է Սիլվա Կապուտիկյանին:

2000 - Արամ Սարգսյանը պատրաստ է մասնակցել «Արարատ-Ցեմենտ» ընկերության սեփականաշնորհման մրցույթին։

  • Ընդդիմադիր գործչին խորհուրդ են տալիս ընտրել՝ կամ քաղաքականությունը, կամ՝ ցեմենտը։

2000 - Մշակույթի նախարարին հրաժարականի դիմում է ներկայացնում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը։ 

  • Մաեստրոյի կինն ասում է, որ նրան ստիպել գրել հրաժարականի դիմումը։ 

1998 - ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ բացառված չէ, որ Հայաստանում նորից լինեն հեղաշրջումներ։ 

  • Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո նա Հայաստանում որևէ փոփոխություն չի տեսնում։

1937 - Բացվում է Երևանի Մանկական երկաթուղին, որն ուներ 2.1 կմ երկարություն։

  • Մանկական այգու և երկաթուղու ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։
  • Բացի այդ, այգու տարածքում կառուցվում է փոքր՝ մանկական հիդրոկայան, որն ուներ 40 ձիաուժ հզորություն։ Կայանի արտադրած էլեկտրականությամբ էլ շահագործվում էր երկաթուղին։

1922 - Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին և Գևորգ Աբովը հռչակում են «Երեքի» դեկլարացիան։

  • Հռչակագրով գրողները ուրվագծում էին հայ գրականության զարգացման հիմնական ուղղությունները։ Ժամանակակից հայ գրականության նկարագիրը «Երեքի» կարծիքով մռայլ էր ու անհեռանկար, «մահվան դատապարտված մի թոքախտավոր էր»։
  • ««Հայրենիք», «սեր անբիծ», «անապատ ու մենություն», «մթնշաղեր նրբակերտ», «մոռացում ու երազներ».- ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ»,- գրում էին հռչակագրի հեղինակները։
  • Քննադատելով հայ գրականությունը՝ Չարենցը, Վշտունին և Աբովն առաջարկում էին ստեղծել նորը, որը պետք է ավելի մոտ լիներ իրականությանը, աշխատավոր զանգվածներին և հեղափոխական շունչ տարածեր։

«Մենք պահանջում ենք.
1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը,
2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է - շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր։
Մեր օրվա լոզունգն է.
Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։
Կեցցե՜ գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմությունները։
Կեցցե՜ ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։
Կեցցե՜ պրոլետարական հեղափոխությունը»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Մելիքսեթ Խաչիյան (ծնվ. Բաքու), ԱՄՆ շախմատի կանանց հավաքականի մարզիչ
1961 - Ջիվան Աբրահամյան (ծնվ. Երևան, մ. 1991), Հայաստանի ազգային հերոս (հետմահու), հատուկ նշանակության գնդի գումարտակի հրամանատար

  • Նրա անունով կոչվել է Երևանի թիվ 111 դպրոցը, որտեղ նա սովորել է։

1959 - Մանվել Ղազարյան, Կալուգայի մարզային ֆիլհարմոնիայի ինքնատիպ ժանրի արտիստ, աճպարար-իլյուզիոնիստ
1949 - Վլադիմիր Դիլանյան (ծնվ. Երևան), դիվանագետ, ազատ լրագրող
1939 - Շեյխ Ալ Քասիմի, Շարժայի էմիր և Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն միութենական խորհրդի անդամ, գիտության և կրթության ժամանակակից ականավոր գործիչ, պատմաբան

  • 2006-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում շեյխը ապշած էր Հաղարծինի շքեղությամբ և միաժամանակ ծանրացած էր նրա անբարեկարգ վիճակով։ Անմոռանալի տպավորությունը Շարժայի արքայազնին դրդեց տրամադրել Հաղարծինի վերականգնման և բարեկարգման համար անհրաժեշտ ավելի քան 1,7 մլն դոլար: 

1937 - Քերոլայն Քոքս (ծնված. Լոնդոն), Բրիտանական Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, սոցիոլոգ և հայտնի իրավապաշտպան

  • Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն նրան անվանել է «իսկական հայ ազգայնական, որը պատրաստ է կյանքը տալ Հայաստանի և Ղարաբաղի համար»:
  • Ստեփանոկերտում գործում է վերականգնողական կենտրոն, որը 2005-ից նա կրում է նրա անունը։

1928 - Գուրգեն Դոքմաջյան (ծնվ. Ալբանի, ԱՄՆ, մ. 2018), Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ (1983-1991)

  • 2010-ին The Los-Angeles Times-ի անցկացրած հարցման համաձայն Ջորջ Դոքմեջյանը ճանաչվել է Կալիֆոռնիայի նահանգի պատմության մեջ ամենարդյունավետ նահանգապետը:

1910 - Ռուսուդան Օրբելի (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1985), կովկասագետ, տեքստաբան

  • Ռուբեն Օրբելու դուստրը:

1888 - Գրիգոր Չուբարյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1962), հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), հայ դեմոկրատական կուսակցության անդամ
1820 - Ղևոնդ Ալիշան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1901), հայ ականավոր բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի միաբանության անդամ
1749 - Յան Յաշկևիչ (ծնված. Լվով, մ. 1809), բժիշկ, երկրաբան, Մետալուրգ, բնագետ; երկրաբանության առաջին լեհ պրոֆեսորներից

  • Ծնվել է հայ ազնվականության ընտանիքում։
  • Եվրոպայի լավագույն բուսաբանական այգիներից մեկի կազմակերպիչը: