Պատմության հայկական օրը. հուլիսի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
  • Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:
  • Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-07, 2023-06-29, 2024-06-20, 2025-07-10, 2026-06-25, 2027-06-17, 2028-07-06, 2029-06-21, 2030-07-11։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2011- Երևանի դելֆինարիումի դիմաց բնապահպանները պահանջում են ազատ արձակել դելֆիններին, որոնք երեխաներին զվարճացնում են քլորով հագեցած ջրերի մեջ, որը առողջական խնդիրներ է առաջացնում:

  • Հուլիսի 7-ը անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային օրն է։

2011 - Հայաստանի փաստաբանների պալատը Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և Սերժ Սարգսյանից պահանջում էին հանգիստ թողնել դատավոր Սամվել Մնացականյանին։

  • Վերջինիս մեղքն այն է, որ սկզբից առանց պատճառաբանելու կալանավորել, այնուհետև դարձյալ առանց պատճառաբանելու գրավով ազատ է արձակել փաստաբան Ալբերտ Խաչատրյանին։
  • Արդարադատության խորհուրդը դիմել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի պատժի փաստաբանին ազատ արձակած դատավորին:

2008 - Այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։
1999 - Հայ Առաքելական եկեղեցին պատարագ է մատուցում Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինի հիշատակին։ 
1998 - Հայաստանում վերացվում է Գերագույն Դատարանը և փոխարենը ստեղծվում Վճռաբեկ Դատարան։
1998 - Հայաստանի Ազգային Ժողովը ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի անկախության առաջին օրերից մինչև այդ օրը օտարերկրյա պետություններից և կազմակերպություններից Հայաստանի վերցրած վարկերի ճակատագիրը։

  • Դա վերաբերում է նաեւ վերջին՝ 30 միլիոն դոլարանոց վարկին, որը Հայաստանը վերցրել է Միջազգային զարգացման ընկերակցությունից Երևան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար:

1994 - Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին։

  • Հրադադարի համաձայնագրից շաբաթներ անց կրկին օրակարգային էր դարձել շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցը։
  • Ղարաբաղյան կողմը, սակայն, մերժում է միջազգային  խաղաղապահ ուժերի կազմում, թուրք զինվորներ ներգրավելու առաջարկը։

1923 - Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):

  • Դրան զուգահեռ կազմավորվում է «Կարմիր Քուրդիստանը», ինչի հետևանքով կտրվում է ցամաքային կապը Խորհրդային Հայաստանի և Արցախի միջև։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Վահան Թութխալյան (ծնվ. Գյումրի), սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, սամբոյի աշխարհի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Խորհրդային հայտնի սամբիստ, աշխարհի 3-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գուրգեն Թութխալյանի որդին է: 

1986 - Անահիտ Միսակ Կասպարյան (ծնվ. Լոս Անջելես), քաղաքական փորձագետ, պրոդյուսեր
1959 - Երվանդ Կապրիելյան (ծնվ. Ֆրանսիա), նկարիչ

  • Նրա վերջին ստեղծագործությունները Մարոկկոյի թագավորական ընտանիքի հավաքածուներում է։

1950 - Կարինե Սարգսյան (ծնվ. Երևան), հեռուստահաղորդավարուհի
1934 - Ռոբերտ Կարայան (ծնվ. Երևան, մ. 2015), բանաստեղծ, արձակագիր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1927 - Հրաչ Բարտիկյան (ծնվ. Հունաստան), պատմաբան, բյուզանդագետ, հայագետ
1889 - Ստեփան Եղիազարով (ծնվ. Շարուր, մ. 1976), իրավաբան

  • Նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազ։

1882 - Լևոն Օրբելի (ծնվ. Ծաղկաձոր, մ. 1958), խորհրդային ֆիզիոլոգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934)

  • Ծաղկաձորում է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: