Պատմության հայկական օրը. հունիսի 27


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:
  • Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-27, 2023-06-19, 2024-06-10, 2025-06-30, 2026-06-15, 2027-06-07, 2028-06-26, 2029-06-11, 2030-07-01։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008 - ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում ընդունեց մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջ­ների կատարման համար։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։
1993 - Ղարաբաղն և Ադրբեջանը համաձայնում են մեկ շաբաթով դադարեցնել Մարտակերտի ու Աղդամի գնդակոծումը: Իշխանության վերադարձած Հ.Ալիևը ժամանակ էր խնդրել` ներքաղաքական հարցերը կարգավորելու համար։

  • Ըստ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վ.Կազիմիրովի, Հ. Ալիևը զանգահարել էր Մոսկվա և աջակցություն խնդրել ` Աղդամի շուրջ կատաղի մարտերը դադարեցնելու համար: «Այդ օրերին նա ի մի էր բերում Աբուլֆազ Էլչիբեյի թողած «ժառանգությունը», և պնդում էր, որ ներքաղաքական այդ վիճակում Աղդամի կորուստը կհանգեցնի աղետալի հետևանքների: Ալիևը հավաստիացնում էր, թե մտադիր է ամենակառուցողական կերպով կարգավորել խնդիրը, սակայն, այժմ իրեն դադար է անհրաժեշտ ռազմական գործողություններում»,֊ պատմել էր Կազիմիրովը «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

1992 - ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետության ղեկավար շրջանակներին, իսկ Մոսկվայում հանդիպում ունեցան ԵԱՀԽ անդամ երկրների ՝ Մինսկում գումարվող համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելի հետ:
1989 - 
Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

  • Հանդիպումը տեղի է ունեցել ԼՂԻՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության ներկայացուցիչը՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու մոտ։ Վոլսկին հստակ ակնարկում է պատրաստվող փաստաթղթի մասին ու հորդորում Ռոբերտ Քոչարյանին՝ իրենց ձեռնարկներով չխոչընդոտել կյանքի կոչելու այն:
  • «Այս ձեռնարկներով դուք միայն փչացնելու եք գործը, Ռոբերտ: Դու թագի համար մարմաջող փառամոլ ես, քեզ իշխանություն ունենալն է հետաքրքրում, ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումը»- ասել էր Վոլսկին:

1946 - Հուլիսի 23-ին Բեյրութից Բաթում է ուղևորված «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին, հասնում է Բաթում։ 

  • Մի քանի օր անց՝ հուլիսի 2-ին, նրանք Երևան են ժամանում, որոնց մեծ շուքով դիմավորում են երկաթուղային կայարանում։
  • Հուլիսի երկրորդ կեսին սկսվում է ռումինահայերի, բուլղարահայերի, ապա Իրանում ապրող մեր հայրենակիցների հայրենադարձությունը։ 1946-ին Հայաստան է վերադառնում շուրջ 11 հազար ընտանիք՝ 50 հազար մարդ։

1829 - Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Վարդուհի Վարդանյան, հայ երգչուհի (մ. 2006)