Պատմության հայկական օրը. հունվարի 8


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ոսկրածուծի (Ցողունային բջիջների) դոնորի օրը

  • Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը:
  • 1999թ. դեկտեմբերին բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային Բջիջների Դոնորների Օր:
  • Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը: Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է: Դա հնարավոր է դառնում տարբեր երկրներում գործող ցողունային բջիջների կամավոր դոնորների ռեեստրների համաձայնեցված և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ: Այս գործի նվիրյալները ձեռք-ձեռքի տված, չճանաչելով սահմաններ, ազգային պատկանելիություն կամ դավանանք, փորձում են գտնել այն մեկին, որ կյանքի հույս կպարգևի սպասման ցուցակներում գրանցված բազմաթիվ հիվանդների:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը մեղադրյալի աթոռին է՝ ֆինանսական չարաշահումների մեղադրանքով: 

  • Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 միլիոն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ, նրա հետ նույն գործով մեղադրվում է ևս 3 հոգի:

2001- Հայաստանում ոսկրածուծի առաջին դոնոր է դառնում առաջին տիկին Բելլա Քոչարյանը: 

  • Նրան հաջորդում են առողջապահության նախարարն ու մի քանի պատգամավոր: Ոսկրածուծի արյան բջիջների վերարտադրության անկարողությունն առաջացնում է լեյկեմիա և այլ անբուժելի հիվանդություններ, իսկ պատվաստման շնորհիվ հնարավոր է փրկել մարդու կյանքը: Եվ այս հիվանդություններով տառապողներին կարող է օգնել միայն հայ դոնորը:

2000 - Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դառնում է նաև Պաշտպանության բանակի հրամանատար: 

  • Դեռ դեկտեմբերին այս պաշտոնն զբաղեցնում էր Սամվել Բաբայանը: Արցախի զինվորականությունը նախարարի և հրամանատարի պաշտոնների համատեղումը հանգիստ է ընդունում: 

1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1992 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը։

  • Ընդունվեցին Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթեր։

1977 - Մոսկվայում տեղի ունեցան պայթյունների շարք (հայտնի նաև որպես «Մետրոյի գործ»), որոնց արդյունքում զոհվեին յոթ և վիրավորվեցին 37 մարդ։ 

  • Չնայած ոչ ոք չէր ստանձնել պատասխանատվությունը, խորհրդային ԿԳԲ-ն ձերբակալել և փակ գաղտնի դատավարությունից 5 օր անց գնդակահարվել են երեք հայ երիտասարդներ՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ։ 
  • Ըստ որոշ խորհրդային այլախոհների՝ առնվազն Զատիկյանն ալիբի ուներ, իսկ օրինակ Անդրեյ Սախարովը չի բացառել, որ պայթյունները հենց ԿԳԲ-ն է կազմակերպել։ Մինչ օրս գործը համարվում է ամբողջությամբ չբացահայտված։
  • 1979 թվականի փետրվարին Մոսկվայի հելսինկյան խումբը հանդես է եկավ Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն և անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ։

1928 - Հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ իրենց հետ տանելով ազգային հերոսի Անդրանիկի դին։

  • Դրեցին հյուսված դամբանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր Էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ ներկա Էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում Էր զորավար Մախլուտոն զինակից հայդուկների խմբով։
  • Ետևից համընթաց քայլում Էին բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։
  • Դագաղը ուսամբարձ Հասավ Պեր Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո Համազարկի տակ իջավ գերեզման։
  • Ֆրանսիան նույնպես պատվո Համազարկ տվեց։

1927 - Երևանի պետական թատրոնում Լևոն Քալանթարն առաջին անգամ բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Աղբար» կատակերգությունը:
1927 - ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրում են Արաքս և Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, ինչպես այն ժամանակ էին ասում՝ ջրային կոնվենցիան:

  • Բանակցությունները սկսվել էին դեռևս 1925-ին, սակայն վերջնական փուլ էին մտել միայն խորհրդա-թուրքական սահմանազատումից հետո:
  • 1927-ի հունվարին ամփոփելով փաստաթղթով սահմանված պայմանավորվածությունները՝ Խորհրդային Հայաստանի հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ Սուրեն Շադունցը հայտնում էր, որ կողմերը որոշել են գետերի ջուրն օգտագործել հավասարապես:
  • Վերահսկողության նպատակով ստեղծվում էր հատուկ հանձնաժողով, որը տարեկան երկու անգամ չափելու էր ջրի օգտագործման ծավալը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1965 - Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ
1931 - Սերգեյ Մատինյան, հայ խորհրդային ֆիզիկոս
1926 - Գեղամ Սևան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)
1918 - Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ (վ. 1992)
1886 - Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970)
1819 - Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)